Օբյեկտային վարժանք ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1340

ՀՊՏՀ բակում այսօր անցկացվեց «Հակառակորդի օդուժի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը»  թեմայով օբյեկտային վարժանքի ուսումնավարժություն` համաձայն Կենտրոն վարչական շրջանի 2014թ. հիմնական միջոցառումների պլանի: Նպատակներն էին՝ ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների  ուղղությամբ, փրկարարական, առաջին բուժօգնության, հասարակական կարգի պահպանման խմբերի հմտությունների կատարելագործումը, անձնակազմի հմտությունների կատարելագործումը:

Ուսումնավարժությանը ներկա էին նաև Կենտրոն վարչական շրջանի փրկարարական ծառայության պետ Արտավազդ Ասոյանը, նույն կենտրոնի գլխավոր մասնագետ Գայանե Հայրապետյանը:

Ստեղծվել էին վարժանքի ղեկավար կազմ, ղեկավարման շտաբ և շտաբի աշխատանքային խմբեր հետևյալ կազմով՝ վարժանքի ղեկավար՝ համալսարանի  քաղաքացիական պաշտպանության պետ՝ ռեկտոր Կորյուն Աթոյան, վարժանքի ղեկավարի տեղակալ՝ համալսարանի ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյան, ղեկավարման շտաբի պետ՝ համալսարանի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյան, փրկարարների խմբի ղեկավար՝ Արմեն Ղազարյան, առաջին բուժօգնության խմբի ղեկավար՝ Տաթևիկ Գաբրիելյան, հասարակական կարգի պահպանման խմբի ղեկար՝ Ալբերտ Ղազարյան:

Միհրդատ Հարությունյանը, ազդարարելով վարժանքի մեկնարկը, նշեց, որ հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք կիրառելու դեպքում կորուստներից խուսափելու կամ դրանք նվազեցնելու համար բոլորը պետք է ակտիվորեն մասնակցեն քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, կարողանան իրենց ճիշտ դրսևորել ստեղծված իրավիճակում, վնասվելու դեպքում ցույց տալ ինքնօգնություն և փոխօգնություն:

«Այսպիսի միջոցառումները երիտասարդների մեջ պետք է դաստիարակեն պատրաստականություն, համակարգված և նպատակային գործելու կարողություն: Ոչ ոք ապահովագրված չէ աղետներից, ուստի պետք է լինել իրազեկ և իմանալ՝ ինչ անել», ասաց պրոռեկտորը:

Ուսումնավարժությանը մասնակցում էին  համալսարանի աշխատակիցները, ուսանողներ: Վարժանքի ուսումնական հարցերն էին՝ ազդարարում, հավաք և խնդրադրում, փլուզման գոտում իրավիճակի գնահատում՝ փրկարարական աշխատանքների և բուժօգնության իրականացում, անձնակազմի տարհանում, վարժանքի արդյունքի ամփոփում, վարժանքի ավարտ:

ՀՊՏՀ քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ նշելով. «Այսօր պետք է բոլորը իրազեկ լինեն, քանի որ որևէ մեկը երաշխավորված չէ աղետներից, արտակարգ պատահարներից և նման այլ դեպքերից: Իսկ պատրաստվածության դեպքում, երբ մարդիկ գիտեն ինչպես ինքնօգնություն, փոխօգնություն ցուցաբերել, հետևանքները կարող են բոլորովին այլ լինել»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին