ՀՊՏՀ-ում է Հունաստանի Իոնի համալսարանի ասպիրանտը. նա իրականացնում է հետազոտական ծրագիր

Դիտումների քանակ՝ 1240

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցության ծրագրի» շրջանակներում ՀՊՏՀ հրավերով մեր բուհում հյուրընկալվել է Հունաստանի Իոնի համալսարանի ասպիրանտ Յուֆանտիս Վասիլեոսը: Վերջինս  հունիսի 9-18-ը հետազոտական գործունեություն է իրականացնելու ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանի ղեկավարությամբ: Այս առիթով այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում՝ Իոնի համալսարանի ասպիրանտի և Վարդան Սարգսյանի միջև, որի ընթացքում  ուրվագծվեցին համատեղ աշխատանքում անելիքները:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց  ամբիոնի վարիչը՝ ասպիրանտ Յուֆանտիս Վասիլեոսը հետազոտություն է իրականացնում «Էլեկտրոնային կառավարում» թեմայի շրջանակներում. ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասպիրանտ Սոնա Ասրյանը նույնպես զբաղվում է նշված թեմայի ուսումնասիրությամբ, ուստի առաջիկա  շաբաթների ընթացքում նախատեսվում է երկու երկրների ասպիրանտների համագործակցությունը:

«Կարծում եմ, այս համագործակցությունը երկուստեք շահավետ է, երկու համալսարանների ներկայացուցիչներին փորձի փոխանակման, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է  տրվում: Նմանատիպ այցերն ու շփումներն աշխուժացնում են ասպիրանտների գիտահետազոտական գործունեությունը: Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում մեր հյուրը հնարավորություն կունենա ծանոթանալու երիտասարդ հետազոտողների (մագիստրոսական խմբեր)  կողմից իրականացվող աշխատանքներին:

Հավելեմ, որ վերջնարդյունքում նախատեսվում է համատեղ հետազոտական հոդված պատրաստել (ՀՊՏՀ ասպիրանտի հետ), որտեղ կարծարծվեն էլեկտրոնային կառավարմանն առնչվող խնդիրներ (Հայաստանի, նաև՝ Հունաստանի օրինակով)»,-նշեց պրոֆեսորը:

Ամփոփելով մեկնարկային հանդիպումը՝ կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետներում հնարավորինս խորն ուսումնասիրություն կատարել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին