Դեկան Աշոտ Մաթևոսյանը շնորհակալագրեր է հանձնել

Դիտումների քանակ՝ 1358

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանն այսօր շնորհակալագրեր հանձնեց ֆակուլտետի  ուսխորհրդի  տասնյակ ուսանողների՝ 2013-2014 ուստարում հասարակական ակտիվության և ուսանողական խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Ուսանողների հետ հանդիպմանը բացման խոսքում դեկանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ նշելով, որ հպարտանում է` ֆակուլտետում  տեսնելով նման ակտիվ, եռանդուն, տաղանդավոր ուսանողների: Հանձնելով շնորհակալագրերը՝ դեկանը մեկ առ մեկ բնութագրեց հասցեատերերին: Շնորհակալագիր  հանձնեցին նաև  ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը և դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Աշոտ Մաթևոսյանը՝ սա ուսանողներին խրախուսելու մի ձև էր, նրանց ակտիվության և նախաձեռնողականության գնահատականը: Շնորհակալագիրը դեկանի և ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանի ստորագրությամբ էր:

«Մեր ֆակուլտետի ուսանողական խորհրդի մի շարք ներկայացուցիչներ այս ուսումնական տարում  ցուցաբերել են բարձր ակտիվություն՝ օգնել են  մեզ շատ կազմակերպական հարցերում, ներկայացրել են առաջարկություններ՝ համալսարանական կյանքը առավել բազմաբովանդակ ու հետաքրքիր դարձնելու համար: Բաց-դասեր,կինոդիտումներ, ինտելեկտուալ խաղեր, ֆլեշ-մոբեր և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելու հիմնական գործն արել են հենց ուսխորհրդականները: Բացի դրանից՝ նրանցից շատերը տարվա ընթացքում միջոցառումներում աչքի են ընկել  երգի, պարի, սպորտի և այլ ոլորտներում, բարձր են պահել ֆակուլտետի անունը. այսօր պարգևատրվեցին նաև այդ ուսանողները: Ցանկանում եմ շեշտել, որ շատ գնահատում եմ մեր ուսանողների մարդկային լավ որակները՝ ընկերասիրությունը, պատրաստակամությունը, հանդուրժողականությունը և մյուս բարձր արժանիքները»,-ասաց դեկանը:

Ուսանողական խորհրդի ներկայացուցիչ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ՈՒԽ պատասխանատու քարտուղար Զոյա Սարկիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ սիրով հանդես են գալիս բազմաբնույթ միջոցառումների առաջարկներով, օժանդակում են ֆակուլտետի ղեկավարությանը՝ ուսումնառությանը նպաստող մի շարք հարցերում  (բաց դասերի կազմակերպում և այլն):

Շնորհավորում ենք շնորհակալագրերի արժանացած բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին