Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում. վեց տասնյակ ընկերություններ ՀՊՏՀ շրջանավարտներին ներկայացրեցին իրենց առաջարկները

Դիտումների քանակ՝ 1280

ՀՊՏՀ բակում այսօր տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ, որը կազամակերպվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության»  նախաձեռնությամբ: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին մոտ 6 տասնյակ կազմակերպություններ՝ առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ,  տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող կազմակերպություններ, որոնք ՀՊՏՀ շրջանավարտներին ներկայացրեցին իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը:  Մի քանի ժամով ՀՊՏՀ բակում մեկտեղվել էին  տասնյակ գործատուներն ու ավարտական կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները: Աշխատանքի տոնավաճառը ՀՊՏՀ-ում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ:

«Աշխատանքի տոնավաճառը այն գործուն հարթակն է, որտեղ հանդիպում են գործատուներն ու մեր կադրերը: Մեր համալսարանը, կարևորելով բուհ-գործատու, բուհ-աշխատաշուկա հարաբերությունները, և առաջնահերթ համարելով մեր շրջանավարտների կարիերային նպաստելու հանգամանքը՝ անընդհատ նորանոր քայլեր է նախաձեռնում: Մեր լավագույն շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու գործընթացին աջակցություն ցուցաբերելը մեզ համար օրակարգային խնդիր է: Տեղին եմ համարում հիշեցնել, որ բուհ-գործատու հարաբերությունների կարգավորման համատեքստում մեր համալսարանը, ի թիվս պետական և մասնավոր մի շարք կառույցների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հետ ևս ստորագրել է համագործակցության պայմանագիր և համատեղ իրականացնում է մագիստրոսական կրթական ծրագիր: Հուսով եմ, այսօրվա նախաձեռնությունը ևս կծառայի իր նպատակին և որակյալ կրթությամբ շրջանավարտները կգտնեն իրենց գործատուներին»,- համոզված է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի զրույցում նշեց «Զբաղվածության պետական ծառայության»  պետ Արտակ Մանգասարյանը՝ շատ գործատուներ  գտել են իրենց աշխատողներին հենց նմանատիպ տոնավաճառների միջոցով: Ծրագիրը երկար տարիների փորձ ունի և արդյունավետությունը հենց դրա շարունակականության մեջ է :

«Գործատուի համար ամենակարևորը լավ մասնագետ գտնելն է, իսկ աշխատանք փնտրողի համար կարևորը լավ աշխատատեղ գտնելն է. այստեղ ստեղծվում են այն հարմարավետ պայմանները, ինչը երկուստեք շահավետ է: Գործատուն հնարավորություն է ստանում գտնելու իր պահանջներին համապատասխանող աշխատակից, ավելին՝ կադրերի բազայում  ունենալու պոտենցիալ աշխատակցի տվյալները և անհրաժեշտության դեպքում հրավիրելու աշխատանքի: Կարծում եմ՝ 260 աշխատատեղից առնվազն 200-ը այս ծրագրի արդյունքում կհամալրվի շրջանավարտներով»,- ասաց Արտակ Մանգասարյանը:

Գործատուներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ դիտարկվում են բոլոր հայտերը և լավագույնները ստանում են համապատասխան առաջարկը (փորձառության  և աշխատանքի):

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Արդուխանյանը նշեց, որ նախևառաջ, ցանկացած գործատուի երազանքն է, որ իր աշխատակիցը լինի գրագետ, նպատակասլաց, ազնիվ:

«Մենք գիտակցում ենք, որ շրջանավարտները հիմնականում ունենում են փորձի պակաս, ուստի փորձում ենք  ապահովել առաջին հերթին փորձառությունը, որի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ուսանողներն էլ համալրում են մեր աշխատակիցների շարքերը»,-նշեց «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչը:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը  նշեց, որ գործատուն մասնագիտական կրթությունից բացի կարևորում է նաև մարդկային հատկանիշները, շփվելու, հաղորդակցվելու հմտությունները:

Աշխատանք փնտրող շրջանավարտներից մեկը  մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ աշխատանքային առաջարկներ կստանա և հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունները շրջանավարտների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում՝ հեշտացնելով մասնագիտական աշխատանք գտնելու գործը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին