ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի ծրագիրը՝ միջազգային մրցույթի հաղթող

Դիտումների քանակ՝ 1185

ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանի գիտահետազոտական ծրագիրը հաղթել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված համատեղ գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ- ՀՀԲՀՀ-2014» միջազգային մրցույթում (հաղթող ճանաչված գիտական ծրագրերի ցանկը):

ՀՊՏՀ ներկայացուցչի ծրագրի թեման է «Մաքսային միության ընդլայնումը որպես անդամ երկրների մրցունակության բարձրացման գործոն (Հայաստանի և Բելառուսի օրինակով)»: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Ատոմ Մարգարյանը՝ ծրագիրը համատեղ իրականացվում է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի Տնտեսության և իրավունքի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Սոլոդովնիկովի հետազոտական խմբի հետ:

Ներկայացնելով ծրագիրը՝ Ատոմ Մարգարյանն ընդգծեց, որ ղեկավարած խմբում ընդգրկված է ՀՊՏՀ 2 դոցենտ և մեկ ասպիրանտ: Ծրագիրը երկամյա է և ենթադրում է բելառուսական կողմի հետ համատեղ ձևաչափով հետազոտություններ, հրապարակումներ, միջազգային գիտաժողովների և համատեղ սեմինար-քննարկումների մասնակցություն:   Համատեղ ծրագիրը մեկնարկելու է հուլիսի 1-ից։

Խոսելով ծրագրի նպատակի մասին՝ դեկանը շեշտեց, որ իրենց հիմնական խնդիրն է Մաքսային միությանը  ՀՀ անդամակցության նախադրյալների ու հիմնապայմանների ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց հիման վրա ՀՀ տնտեսության վրա այդ գործընթացի հնարավոր կարճաժամկետ (ստատիկ) և երկարաժամկետ (դինամիկ) ազդեցությունների գնահատումը: Ծրագրի թեմայի ընտրությունն Ա.Մարգարյանը հիմնավորեց արդիականության ու հրատապության հանգամանքով:

«Մեր խնդիրն է՝ ելնելով ՀՀ տնտեսության գերակա շահերից ու զարգացման առաջնահեթություններից՝ մշակել ու առաջարկել ՄՄ ընդլայնման գործընթացի օպտիմալացման արդյունավետ մեխանիզմներ, որոնց գործադրումը շահեկան լինի անդամ բոլոր երկրների համար։ Միևնույնժամանակ՝ նոր ինտեգրացիոն կազմավորման հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու նպատակով անհրաժեշտ է համակողմանիորեն ուսումնասիրել Մաքսային միության ձևավորման տեսամեթոդաբանական հիմքերը և դրա հիման վրա մշակել արդյունավետ հանձնարարականներ՝ ինչպես պետական քաղաքականության, այնպեսէլ՝ մասնավոր բիզնեսի մակարդակով ընդունվող որոշումների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով»,-ընդգծեց Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ ծրագրի նախագիծն անցել է անկախ միջազգային փորձաքննության 6 – ամսյա շրջափուլ:

Շնորհավորում ենք պարոն Մարգարյանին, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին