«Զբոսաշրջության զարգացման նորարարական մոտեցումները» թեմայով սեմինար-շնորհանդեսում ՀՊՏՀ ասպիրանտը հանդես է եկել զեկուցմամբ

Դիտումների քանակ՝ 1266

Հաշվի առնելով միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային ծառայությունների մրցունակության բարձրացման, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացման, ինչպես նաև համաչափ տարածքային տնտեսական զարգացման կարևորությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) ս.թ. մայիսի 30-ին կազմակերպել էր սեմինար-շնորհանդես «Զբոսաշրջության զարգացման նորարարական մոտեցումները» թեմայով:

Թեմայի շրջանակներում նախատեսված էր երկու զեկույց և բանախոսներից մեկը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասպիրանտ, Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Գայանե Թովմասյանն էր, ում զեկույցը նվիրված էր առողջարանային զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրների և հեռանկարների վերլուծությանը,  ինչպես նաև վերջինիս զարգացման հիմնական նորարարական ուղիների և մոտեցումների առաջադրմանը:

Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի ոլորտի, զբոսաշրջային գործակալությունների, ինչպես նաև պետական մարմինների, բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և  հետաքրքրված այլ անձիք:

Գ. Թովմասյանը իր զեկուցման մեջ ներկայացրել է զբոսաշրջությունը` որպես սոցիալ-տնտեսական համակարգ, խոսել է առողջարանային զբոսաշրջության էության, ՀՀ-ում առողջարանային զբոսաշրջային ռեսուրսների,  առկա վիճակի մասին, ներկայացրել առողջարաններում իր կողմից կատարված մարքեթինգային, սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, առողջարանային զբոսաշրջության զարգացման SWOT վերլուծությունը, և արել է առողջարանային զբոսաշրջության զարգացման նորարարական առաջարկություններ:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Գայանե Թովմասյանն ու  նշեց. «Այս միջոցառումը թույլ տվեց բացահայտել ՀՀ զբոսաշրջության երկու տեսակների` առողջարանային և գյուղական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, հեռանկարները և նորարարական մոտեցումներն ու ուղիները: Շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա ներկայացնելու իմ կատարած հետազոտության արդյունքները առողջարանային զբոսաշրջության ոլորտում, ինչի վերաբերյալ տպագրել եմ 15 գիտական հոդված տեղական և միջազգային գիտական ամսագրերում և զեկուցումներով հանդես եմ եկել 10-ից ավելի գիտաժողովներում /նաև արտերկրում/: Հանդիպումն անցավ  հարց ու պատասխանի, բուռն քննարկումների մթնոլորտում: Կարծում եմ` նման միջոցառումների կազմակերպումը կարող է նպաստել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը, քանի որ քննարկումների, վերլուծությունների արդյունքում բացահայտվում և առաջ են քաշվում նոր մոտեցումներ, որոնց արդյունավետ կիրառումը կօգնի լուծել առկա խնդիրները և մշակել զարգացման ռազմավարական ծրագրեր»:

Գ. Թովմասյանը նաև հայտնեց, որ իր զեկուցումը մասնակիցների մոտ առաջ է բերել մեծ հետաքրքրություն և կազմակերպիչները հրավիրել են առաջիկայում ևս զեկուցումներ ունենալու «ՆՁԱԿ» ՊՈԱԿ-ում: Ի դեպ նշենք, որ կառավարման ամբիոնի ասպիրանտը նախկինում ևս մասնակցել է «ՆՁԱԿ»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին, ինչպես նաև հանդես է եկել որպես բանախոս` «Գրադարանային համակարգի վերափոխումը սոցիումի պահանջներին համապատասխան» թեմայով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին