Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1062

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստը սկսվեց գեղեցիկ արարողությամբ. ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատին ուրախությամբ հայտնեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լյովա Սամվելյանն արժանացել է  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման՝ ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում մեծագույն ավանդի և ներդրման համար: Ռեկտորը ներկայացրեց՝ Լյովա Սամվելյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և շնորհագրով:

«Շնորհավորում եմ Ձեզ այս բարձր պարգևին արժանանալու կապակցությամբ: Սա մեծ պատիվ է, մաղթում եմ Ձեզ հետագա արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր երկրի, մեր ժողովրդի»,- դիմելով Լյուվա Սամվելյանին՝ ասաց Կորյուն Աթոյանը:

Այս արարողությունից հետո ռեկտորատն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Դեկանները ներկայացրեցին մինչև 12 կրեդիտ պարտքով փոխադրված ուսանողների պարտքերի վերահանձնման, ինչպես նաև առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման արդյունքները:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեց 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստման մասին՝  նշելով, որ այսօրվանից քննաշրջանը սկսվել է, այն սկսվել է ստուգարքներով: Ընդհանուր առմամբ, Արմեն Կարախանյանի հավաստմամբ, քննաշրջանի կազմակերպմանն առնչվող խնդիրները կարգավորված են: Նա նաև անդրադարձավ 2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների ու քննաշրջանի ժամկետների մասին հարցին: Բաժնի պետը նշեց, որ նախապես պրոռեկտորների և դեկանների հետ քննարկման արդյունքում պատրաստվել է ժամանակացույցը, որն էլ ներկայացրեց ռեկտորատի հաստատմանը: Ժամանակացույցն առաջիկայում կհրապարակվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

Ընթացիկ հարցերի շարքում Կորյուն Աթոյանը ռեկտորատի ուշադրությունը հրավիրեց մի քանի հարցերի վրա, մասնավորապես ուսանողների հաճախումների, ուսման վարձավճարների, ավարտական գործընթացների վրա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին