ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ամփոփել է առկա բակալավրիատի ընդունելությունը. դիմորդների թիվը ՀՊՏՀ-ին հատկացված տեղերից ավելի է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 18.00-ին, ավարտվել է 2014-2015 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելությունը (հիմնական փուլ): ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Կորյուն Աթոյանի գլխավորությամբ նույն օրն ամփոփվել են գործընթացի արդյունքները:
Ըստ ամփոփված արդյունքների՝ հայտագրվել է 1484 դիմորդ՝ ՀՊՏՀ-ին հատկացված 930 վճարովի և անվճար տեղերի համար:
ՀՊՏՀ ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Կորյուն Աթոյանի գնահատմամբ, սա լավ ցուցանիշ է: «Թեև, ընդհանուր առմամբ, հանրապետությունում այս տարի արձանագրվել է դիմորդների թվի նվազում, ինչն արդեն հայտնի էր հանրությանը, սակայն մեր բուհի ընդունելության գործընթացի արդյունքում պատկերը հուսադրող է: Սա նշանակում է, որ մեր համալսարանը շարունակում է պահանջված լինել և պահպանել իր բարձր հեղինակությունը»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Կորյուն Աթոյանը:
Նշենք, որ ընդունելության գործընթացը մեկնարկել էր մայիսի 5-ին: Ընդունող հանձնաժողովն աշխատել է ամեն օր՝ ժամը 9.00-18.00-ն, բացառությամբ մայիսի 9-ի, 10-ի, 11-ի: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը՝ նշելով, որ բոլոր մասնագիտությունների համար սահմանված տեղերն ունեն իրենց դիմորդները, մի շարք մասնագիտություններում ընդունելության մրցույթ կլինի:
«Այս տարի, նախորդ տարիների համեմատ, տարբեր մասնագիտություններում դիմորդների թիվը, համեմատաբար, հավասարաչափ է բաշխվել: Դիմորդների մեծ թիվ է գրանցվել ֆինանսներ,կառավարում, հաշվապահական հաշվառման և աուդիտի, շուկայաբանություն մասնագիտություններում (առկա է մրցույթ): Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքին՝ պետք է նշեմ, որ աշխատել ենք նույնիսկ արտաժամյա՝ըստ անհրաժեշտության: Հարկ եմ համարում նշել նաև, որ հնարավորինս փորձել ենք ապահովել դիմորդների իրազեկվածությունը՝թե' բուհի պաշտոնական կայքի, թե' լրատվամիջոցների, թե' հեռախոսազանգերի միջոցով:
Կարծում ենք, դիմորդները և նրանց ծնողները գոհ են մնացել հանձնաժողովի աշխատանքից (այդ մասին վկայում էին նրանց խոսքերը), ձգտել ենք բոլորի հետ լինել բարեհամբույր ու համբերատար: Տարբեր շրջաններից եկած ուսանողների ծնողներին հատկապես ոգևորել է բուհի «Տնտեսագետ» ուսանողի տան առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս մատչելի պայմաններով ուսանողի կացարանի հարցը լուծելու»,-ընդգծեց Մերի Բադալյանը:
Պատասխանատու քարտուղարի հավաստմամբ՝ դիմորդների մեծ մասը կողմնորոշված էր՝ ինչ մասնագիտություն է ընտրելու: Եղել են նաև դիմորդներ, ովքեր միանգամից դիմել են հանձնաժողովին՝ ճիշտ մասնագիտություն ընտրելու խորհրդատվության համար: Ամփոփելով ընդունելության հիմնական փուլը՝ Մերի Բադալյանը նշեց, որ գործընթացն անցել է պատշաճ մակարդակով, արտառոց դեպքեր չեն գրանցվել:
Հավելենք, որ ըստ մասնագիտությունների՝ դիմորդների թիվը փակցված է ընդունող հանձնաժողովին կից (ֆինանսական ֆակուլտետ) ցուցափեղկում:
Տեղեկացնենք նաև, «հատուկ» դիմորդների՝ ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները 2014 թվականին ավարտած ՀՀ քաղաքացիների, 2014 թվականի գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից հուլիսի 2-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Այսօրվանից սկսվում է առկա մագիստրատուրայի ընդունելությունը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Yndunelutyun.pdf:
Առջևում է նաև հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը, որի մասին պատշաճ ժամկետում կտեղեկացնենք:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին