Ի՞նչ անել, որ ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանեն գործատուների պահանջներին. դեղատոմսեր փորձագետներից

Դիտումների քանակ՝ 1122

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր անցկացրեց հերթական կլոր սեղանը «Շահակիցների պահանջմունքներին ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանության խնդիրները» խորագրով: Քննարկմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Լուկաս Լյուշերը,  միջազգային և հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիներ, փորձագետներ:

Բացման խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց ՀՊՏՀ տանիքի ներքո հավաքված քննարկման մասնակիցներին, ներկայացրեց «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը՝ շեշտելով, որ ընթացիկ նախագիծը նախատեսում է հայաստանյան կրթության, տնտեսության ոլորտների արդիական հիմնախնդիրների քննարկում կլոր սեղանի ձևաչափով: Անդրադառնալով կոնկրետ այսօրվա թեմային՝ համալսարանի ղեկավարն ընդգծեց,  որ հայաստանյան տնտեսության արդի զարգացումների և մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է շահակիցների պահանջմունքներին առավել բավարարող կադրերի պատրաստման նոր մոդելներ գտնել: Կորյուն Աթոյանն իր խոսքը եզրափակեց մասնակիցներին արգասաբեր աշխատանք մաղթելով:

Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանն անդրադառնալով ՀՊՏՀ-ի հետ համատեղ ծրագրի էությանը՝ այսպես մեկնաբանեց.  «Մենք տեսնում ենք, որ կա տնտեսության աճ, բայց տեսնում ենք, որ այն ոչ միշտ է ներառական, այսինքն՝ ոչ միշտ է ներառում խոցելի խմբերին»: Զառա Ալլահվերդյանը  հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվող և տարբեր թեմաներին նվիրված քննարկումների արդյունքներն ի վերջո կդառնան քաղաքականության մշակման ծանրակշիռ հիմք:

Ծրագրի ղեկավար Ներսես Գևորգյանն իր բացման խոսքում նշեց, որ արդեն իսկ կազմակերպվել են երկու կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման ՀՀ հիմնախնդիրներին և կարծրատիպերին՝ որպես ներառական աճը սահմանափակող գործոն: Ներսես Գևորգյանը հույս հայտնեց, որ հետագա քննարկումներն էլ թե ձևի, թե բովանդակության իմաստով կլինեն արդյունավետ:

Որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան Հայաստանի մանուկների հիմնադրամի ներկայացուցիչ Սերոբ Խաչատրյանը, միջին մասնագիտական և նախնական կրթության ոլորտի փորձագետ Սամվել Պիպոյանն ու ծրագրի կառավարման խմբի անդամ Նվարդ Մանասյանը: Համատեղ զեկույցում փորձագետները վեր հանեցին բնագավառում առկա խնդիրներն ու խոցելի կետերը, հանդես եկան եզրահանգումներով և առաջարկներով: «Ընդհանրական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գիտության ոլորտի 2020 թվականի տեսլականը տվյալ ժամկետում անիրագործելի է թե ինտենսիվ, թե էքստենսիվ մոտեցման դեպքում: Հայաստանի գիտական համակարգը դեռևս վերաիմաստավորման ու կայացման փուլում է: Այն չի կարող մրցել եվրոպական տարածքի հետազոտական հզորության հետ: Անգամ եթե պետությունը շեշտակի մեծացնի ֆինանսական հատկացումները, համակարգն իր կադրային ու տեխնիկական, բովանդակային ու կառուցվածքային հզորություններով չի կարող արդյունավետ կառավարել այդ միջոցները»,- հավատացած են համատեղ հետազոտության վերը նշված երեք հեղինակները՝ ներկայացնելով բարելավման մի շարք առաջարկներ:

Քննարկումն ուղեկցվեց հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին