Ուսանողների հերոսները. «Հայորդիներ» խորագրով մշակութային միջոցառում (լուսանկարներ)
Ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ մասնագիտության 2-րդ կուրսում այսօր կայացավ «Հայորդիներ» խորագրով մշակութային միջոցառում՝ «Հաղթում է նա, ով իր մեջ է կրում հաղթանակը» կարգախոսով: Միջոցառումը կազմակերպվել էր փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի, դասախոս, փ.գ.թ.,դոցենտ Սոֆյա Օհանյանի նախաձեռնությամբ: Ներկայացնելով նախաձեռնությունը՝ նա նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը ուսանողներին է'լ ավելի ճանաչելի դարձնելն է մեծ հայորդիների գործունեությունն ու գաղափարները: Դասախոսը մեջբերեց նժդեհյան խորիմաստ ասույթը՝ «Ուզում ես գուշակել ազգիդ ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը» և նշեց, որ միջոցառումը նպատակ ունի նաև ցույց տալու ՀՊՏՀ ուսումնատենչ երիտասարդներին:
Միջոցառմանը որպես մրցատյանի անդամներ հրավիրված էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ, Վարդան Աթոյանը, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը: Ուսանողներին միջոցառման առիթով ողջունեց ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին ինքնակրթվելու, զարգանալու, իրենց բացահայտելու: Դեկանը շնորհակալություն հայտնեց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանին և կազմակերպիչ, դասախոս Սոֆյա Օհանյանին:
Ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր իսկ ընտրած հերոսին: Մասնավորապես, ներկայացվեցին հայորդիներ Շառլ Ազնավուրի, Ալեքսանդր Թամանյանի, Սողոմոն Թեհլերյանի, Շավարշ Կարապետյանի, Մովսես Խորենացու, Վիլյամ Սարոյանի, Հրանդ Դինքի, Պարույր Սևակի, Դավիթ Անհաղթի, Արամ Խաչատրյանի, Պապ Թագավորի, Հովհաննես Այվազովսկու, Դավիթ- Բեկի, Սայաթ-Նովայի, Մոնթե Մելքոնյանի, Գրիգոր Նարեկացու,Լևոն Արոնյանի, Գարեգին Նժդեհի, Մհեր Մկրտչյանի, Լեոնիդ Ենգիբարյանի, Հովհաննես Թումանյանի, Վիկտոր Համբարձումյանի կյանքին, գործունեությանը վերաբերող ուշագրավ փաստեր: Ուսանողները լուսապատկերի միջոցով բացահայտեցին իրենց սիրելի հերոսների կերպարները:
Միջոցառման ավարտին կայացավ քվեարկություն. մրցատյանը և լսարանը (ուսանողները) քվեաթերթիկում նշեցին իրենց հավանած զեկույցը:
Եվ այսպես, մրցատյանի որոշմամբ, գլխավոր մրցանակը շնորհվեց Աննա Ասատրյանին, ով ներկայացրել էր Մոնթե Մելքոնյան հերոսին, իսկ լսարանի քվեարկության արդյունքներով՝ երկրորդ մրցանակը շնորհվեց Մհեր Մկրտչյանին ներկայացրած Վարդուշ Դալլաքյանին: Մրցանակները հանձնեցին Վարդան Աթոյանն ու Գոհար Գևորգյանը: Բոլոր մասնակիցներին տրվեցին պատվոգրեր:
Շնորհավորում ենք ձեռնարկի հեղինակ Սոֆյա Օհանյանին, մաղթում նորանոր գաղափարների իրականացում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին