Բուլղարացի փորձագետը հյուրընկալվեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1207

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանի հրավերով Սոֆիայի պետական համալսարանի դոկտորանտ, պատմաբան, կովկասագետ Ցվետելինա Խարալամպիևան այսօր հյուրընկալվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնում և հանդես եկավ «Նիկոլայ Առաջինի անվտանգության ռազմավարության որոշ ասպեկտները և Բրիտանական միջամտությունը Կովկասում (մինչև Ղրիմյան պատերազմը)» թեմայով դասախոսությամբ:

Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկումը, տրվեցին բազմաթիվ հարցեր: Ներկաներին հետաքրքրում էին փորձագետի կարծիքն ու մոտեցումները հատկապես Հարավային Կովկասի շուրջ ընթացող ներկա զարգացումների և ուկրաինական ճգնաժամից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Քննարկվեցին նաև տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների շահերի ու հետաքրքրությունների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանի հարցերը վերաբերում էին բուլղարական հասարակության վերաբերմունքին ուկրաինական ճգնաժամի, պանսլավիզմի գաղափարախոսությանը և Եվրամիությանն անդամակցելուց հետո Բուլղարիայում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին: Նրա ղեկավարած մագիստրոսական հետազոտական խմբից Էդգար Թաղարյանը հետաքրքրվեց Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերի և հետաքրքրությունների մասին:

Հանդիպումն ամփոփեց և փորձագետի զեկուցումը բարձր գնահատեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը՝ նշելով, որ  պատմաբանի դասախոսությունն արտացոլում էր  հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան: Կենտրոնի տնօրենը նաև հետաքրքրվեց Սոֆիայի պետական համալսարանի հետ համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին, ինչին ի պատասխան  Ցվետելինա Խարալամպիևան մատնանշեց մի քանի ուղղություն:

Սամվել Ավետիսյանը շնորհակալագիր հանձնեց բուլղարացի փորձագետին, իսկ Վարդան Աթոյանը նրան հանձնեց ՀՊՏՀ-ն և «Ամբերդ» կենտրոնը ներկայացնող բուկլետներ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմությանը նվիրված գրքեր: Ցվետելինա Խարալամպիևան նույնպես ձեռնունայն չէր, նա կենտրոնի աշխատակազմին նվիրեց անգլերեն և բուլղարերեն հրատարակություններ:

Հանդիպման ավարտից հետո մեզ հետ զրույցում «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանն ասաց. «Նման հանդիպումները չափազանց կարևոր են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջազգայնացման համար: Արտերկյա փորձագետների հետ մտքերի և փորձի փոխանակումը մեծապես նպաստում է մեր կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում նշեմ, որ ներկայում «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում մագիստրոսների կողմից իրականացվող հետազոտություններից մեկը վերաբերում է հենց Հարավային Կովկասի անվտանգության հիմնախնդիրներին և, վստահ եմ, այս դասախոսությունը մեծապես օգտակար էր մեր մագիստրանտների համար»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին