Վոլեյբոլի խաղ՝ դասախոսների միջև (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 968

ՀՊՏՀ մարզադահլիճում երեկ՝ մայիսի 13-ին, կայացավ վոլեյբոլի հանդիպում՝ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի «Ժպիտ» (ավագ՝ Սիմոն Հակոբյան)  և դասախոսական կազմի ներկայացուցիչների  «Կայծակ»  (ավագ՝ Էդգար Ղազարյան) թիմերի միջև:

Մարզական այս միջոցառումը կազմակերպվել էր վերոնշյալ ամբիոնի նախաձեռնությամբ, որի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ խաղի հիմնական  նպատակն է սպորտի, առողջ ապրելակերպի քարոզումն ու սեփական օրինակով ուսանողներին ցույց տալը, որ ֆիզիկական կուլտուրան չափազանց  կարևոր է մարդու համար:

Նախքան խաղը սկսելը մարզասերներին գեղեցիկ կատարումներով ոգևորեցին Երևանի Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները: Բացման խոսքով հանդես եկան խաղացողներ Սիմոն Հակոբյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը (ով նախկինում ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանն էր), ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Գագիկ Վարդանյանը:

Էդգար Ղազարյանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, իսկ Գագիկ Վարդանյանը նշեց, որ այսպիսի հանդիպումները պետք է շարունակական լինեն:

Խաղի ընթացքին հետևում և մարզասերներին ոգևորում էին ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, մարզասերներ:

Պայքարը լարված, բայց միևնույն ժամանակ՝ մտերմիկ էր: Երկու թիմերն էլ գեղեցիկ խաղ ցույց տվեցին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ֆիզդաստիարակության, ԱԻ և  քաղպաշտպանության ամբիոնի, որը նվաճեց «ՀՊՏՀ դասախոսական գավաթը»: Ինչպես փոխանցեցին խաղի կազմակերպիչները՝ հանդիպումը  դասախոսների շփումը մտերմացնելու, առօրյան օգտակար և հաճելի դարձնելու մի ձև էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին