«Ամբերդ»-ում կայացավ մագիստրոսական խմբերի հետազոտությունների հերթական շնորհանդեսը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր տեղի ունեցավ մագիստրոսական հետազոտական խմբերի աշխատանքների շնորհանդեսը, որին մասնակցում էին կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
Երիտասարդ հետազոտողների խմբերը աշխատել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանի ղեկավարությամբ: Հետազոտողների մի խումբը՝ Ռոզա Բուդաղյանը, Ռուզաննա Թադևոսյանը, Լիլիթ Ազարյանը ներկայացրեցին իրենց հետազոտության թեման՝ «Առաջատար համալսարանների լավագույն փորձի ուսումնասիրությունը և ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ-ում» (բանախոսն էր Ռուզաննա Թադևոսյանը), ուսումնասիրության հիմնական նպատակն ու խնդիրները: Թեմայի շրջանականերում խոսվեց աշխարհի առաջատար համալսարանների մասին, ներկայացվեց դրանց վարկանիշավորման և դասակարգման սկզբունքները, համալսարանների իրականացրած գիտահետազոտական գործունեությունը, միջազգային համագործակցությունը, նորարարությունները և այլն:
Հետազոտողների հաջորդ խմբի՝ Կարապետ Կևեյանի, Էդգար Թաղարյանի, Շուշան Մովսիսյանի հետազոտության թեման էր «Հայաստանի տնտեսական անվտանգության հիմնախնդիրները տարածաշրջանային զարգացումների համատեքստում»: Բանախոսներ Կարապետ Կևեյանը և Էդգար Թաղարյանը, ներկայացնելով հետազոտությունը, խոսեցին Հարավային Կովկասի՝ աշխարհում ունեցած ռազմաքաղաքական դերի, Հայաստանի տնտեսական անվտանգության հիմնախնդիրների մասին: Թեմայի շրջանակներում քննարկվեցին Հայաստանի և հարևան երկրների հարաբերությունները, գերտերությունների և կովկասյան երկրների փոխազդեցությունները, դրանց խոչընդոտող հիմնական գործոնները, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության, դրա լուծմանն ուղղված քայլերը:
Երկու խմբերն էլ կատարել էին մանրամասն ուսումնասիրություններ և խանդավառված էին հետազոտական աշխատանք կատարելուց: Մագիստրանտները ներկայացրեցին նաև իրենց առաջարկությունները:
Բանախոսների ելույթներից հետո հարցադրումներով հանդես եկան Գագիկ Վարդանյանը, Սամվել Ավետիսյանն ու Ատոմ Մարգարյանը: Նրանք նաև բարձր գնահատեցին երիտասարդների իրականացրած հետազոտական աշխատանքները: Գագիկ Վարդանյանը ցանկացած հետազոտական աշխատանքում կարևորեց արդիական ու հետաքրքիր թեմայի ընտրությունը և նշեց, որ ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերի շարքում, ի դեմս «Ամբերդի», իրականացնում է աննախադեպ հետազոտական գործունեություն:
Սամվել Ավետիսյանը նշեց, որ ներկայացված հետազոտությունները հիմնականում ճանաչողական էին և երիտասարդներին ուղղորդեց իրականացնելու հետազոտության գործնական մասը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին