ՀՊՏՀ ներկայացուցիչները Ավստրիայի Գրաց քաղաքում սեմինարի են մասնակցում
ԵՄ Տեմպուս ծրագրի «Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS) նախագծի շրջանակներում Ավստրիայի Գրաց քաղաքում մայիսի 5-ին մեկնարկել է սեմինար`նվիրված Հայաստանի Հանրապետությունում Զալցբուրգի սկզբունքների կիրառմանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Գրացում ներկայացնում են գիտության և ատաքին կապերի գծով պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանը: Միջոցառումը կտևի մինչև մայիսի 7-ը:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Ավստրիայից հայտնում են մեր գործընկերները, ծրագրին մասնակցում են երկու տասնյակից ավելի հայաստանյան և արտասահմանյան համալսարանների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը կանոնակարգող հաստատությունների ներկայացուցիչներ:
Հայկական պատվիրակության կազմում ներկայացված են ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Երևանի պետական բժշկական համալսարանի (ծրագրի համակարգող), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարապետական և շինարարական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, «Կրթության որակ» ՍՊԸ-ի, Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները: Ծրագրում ընդգրկված են նաև արտասահմանյան հեղինակավոր համալսարաններ, մասնավորապես` Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանը, Շվեդիայի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտը, Իսպանիայի Ջիրոնայի համալսարանը և Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա համալսարանը, որոնց փորձը կարող է օգտակար լինել հայաստանյան բուհերում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում բարեփոխումների իրականացմա համար:
Մայիսի 5-ին համալսարանները ներկայացրել են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում իրականացվող ծրագրերը, դրանց կառուցվածքը և զալցբուրգյան սկզբունքների կիրառման ուղղությամբ ձեռքբերումները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին