ՀՊՏՀ ուսանողը նվաճել է արծաթե մեդալ. համալսարանական մարզական անցուդարձից

Դիտումների քանակ՝ 895

Մայիսի 1-ին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հարություն Աբրահամյանը ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում կայացած ձյուդո մարզաձևի մրցույթում  գրավել է 2-րդ հորիզոնականը և նվաճել արծաթե մեդալ:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը՝ տեղեկացնելով համալսարանական մարզական մի քանի իրադարձությունների մասին ևս:

Այսպես՝ առաջիկայում նախատեսվում է անցկացնել ինչպես ուսանողական, այնպես էլ՝  դասախոսական մարզական միջոցառումներ: Մայիսի 13-ին, ժամը 16.00-ին մեր բուհի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մրցում՝ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի և ՀՊՏՀ տարբեր  ամբիոնների դասախոսների միջև: Թիմերը գրեթե կազմավորված են, արդեն խաղալու հայտ են ներկայացրել մի քանի դասախոսներ: Սահմանված են  հատուկ մրցանակներ՝ «Լավագույն խաղացող»  և այլ անվանակարգերում: Հրավիրվում են բոլոր մարզասերները՝ ոգևորելու թիմերին:

Այժմ ֆիզկուլտուրայի դասերին զուգընթաց հանձնվում են «Զարթոնք» համալիրի նորմատիվները: Աղջիկների և տղաների համար սահմանված են տարբեր չափորոշիչներ: Բոլոր ուսանողները, ցանկության դեպքում, կարող են հանձնել այս նորմատիվները: Հաղթողները կպարգևատրվեն հանդիսավոր կերպով: Մայիսի 14-ին կանցկացվի նաև «Ռեկորդների օր» մրցույթը, որն առաջին անգամ կազմակերպվել էր անցած տարի: Համապատասխան մարզաձևերում ռեկորդ սահմանած ուսանողները կպարգևատրվեն:  Մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին