ՀՊՏՀ-ում սկսվել են ամփոփիչ ատեստավորման քննությունները. (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1127

Այսօր առավոտից  Տնտեսագիտական  համալսարանում  ընթանում  են  2013-2014  ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման քննությունները՝  ամփոփիչ ատեստավորման գործընթացի շրջանակում:

Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ այսօր ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնվեցին աշխատանքի տնտեսագիտություն (կառավարման ֆակուլտետ), պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ), արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում (ֆինանսական ֆակուլտետ) մասնագիտություններից:

Բոլոր քննասենյակներում տրամադրող քննական մթնոլորտ էր, ուսանողները գոհ էին հանձնաժողովների  աշխատանքից:

Աշխատանքի տնտեսագիտություն առարկայից արդեն քննություն հանձնած ուսանողուհի Անի Խամոյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ լիարժեք պատասխանելուն խանգարեց, թերևս, միայն հուզմունքը:

«Լրջորեն պատրաստվել էի այս քննությանը ՝ մի քանի անքուն գիշերներ անցկացնելով: Տոմսը վերցնելով՝ մի տեսակ անհանգստության զգացում ունեցա, բայց տեսնելով հանձնաժողովի՝ վստահություն ներշնչող վերաբերմունքը, իսկույն տրամադրվեցի և պատասխանեցի: Նրանց հարցադրումներն օգնեցին ինձ կողմնորոշվել և  հարցին կոնկրետ պատասխանել: Ակնկալում եմ բարձր գնահատական»,-ասաց շրջանավարտը:

Պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտությունից քննություն հանձնած Գոռ Վարդանյանը ևս գոհունակություն հայտնեց հանձնաժողովի անդամներից և նշեց. «Մինչև հիմա էլ (պատասխանելուց հետո) հուզված եմ, ակնկալում եմ դրական գնահատական»:

Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն  մասնագիտությունից այսօր առաջինը քննություն հանձնած շրջանավարտ Արարատ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ինչպես շատերը,  ես էլ այսօր հուզված եմ, սակայն միաժամանակ  հանգստության  զգացում  եմ ապրում՝ գիտակցելով, որ հանձնել եմ ամփոփիչ ատեստավորման քննությունս և սպասում  եմ դրական գնահատականի: Շատ գոհ եմ հանձնաժողովի աշխատանքից. նրանք անում են ամեն ինչ՝ ուսանողին հնարավորություն տալով առավելագույն կերպով դրսևորել գիտելիքները»:

Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտությունից քննություն հանձնած Դավիթ Ղազարյանը, ներկայացնելով իր տպավորությունները, նշեց. «Կարծում եմ, յուրաքանչյուր ուսանող էլ քննություն հանձնելիս հուզմունք է ապրում, մանավանդ՝ պետական քննություն: Իմ պատասխանից կարելի է ասել՝ գոհ եմ. պատասխանեցի հնարավորություններիս  սահմանում: Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքին և վերաբերմունքին՝ նրանք ապահովում են ազատ և անկաշկանդ մթնոլորտ, որպեսզի ուսանողը սովորած գիտելիքները լավ ներկայացնի»:

Այսպիսով, 2013-2014 ուստարվա առկա ուսուցման ավարտական պետական քննությունները կշարունակվեն մինչև մայիս ամսվա վերջ: Այս ուսումնական տարվա հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման քննությունները կմեկնարկեն հունիս ամսվա սկզբին:

Հիշեցնենք, որ սույն ուստարվա  ամփոփիչ ատեստավորման գործընթացը ՀՊՏՀ-ում մեկնարկել  էր  ապրիլի  22-ին՝ առկա բակալավրիատի ավարտական կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությամբ:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին