Նեյրոմարքեթինգի առանձնահատկությունները ուսումնասիրում և անգլերեն ներկայացնում են ուսանողները

Դիտումների քանակ՝ 1527

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսում այսօր բաց դաս էր, որի ընթացքում ուսանողները անգլերենով ներկայացրեցին նեյրոմարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, բացատրեցին դրա էությունը, առանձնահատկությունները: Դասին մասնակցում էին  օտար լեզուների ամբիոնի  վարիչ, բ.գ.թ., դոցենտ  Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի դասախոսներ Լուսինե Հարությունյանը և Արմինե Գրիգորյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, վերոնշյալ ֆակուլտետի դեկանի տեղակալ Վադիմ Գրիգորյանը,  մարքեթինգի ամբիոնի դասախոս Լիլիթ Քոլյանը, ուսանողներ:

Սուսաննա Չալաբյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց բաց դասի նպատակը, հակիրճ խոսեց նեյրոմարքեթինգի էության մասին:

«Արդեն 2-րդ տարին է՝ դասավանդում եմ այս կուրսում և պետք է նշեմ, որ խմբի ուսանողները  բավականին լավ են տիրապետում անգլերենին, ուսումնատենչ են: Հենց նրանց առաջարկով էլ այս թեմայով  կազմակերպեցինք բաց դաս»,-ասաց ամբիոնի վարիչը:

Մշակույթ՝  հիմնված զգացողությունների վրա կամ զգացողությունների տեսողականացում. այսպես էին լուսապատկերի միջոցով բացատրում ուսանողները  նեյրոմարքեթինգ հասկացությունը: Ինչպես նրանք ներկայացրեցին՝ մի շարք հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարդու վարքը կառավարում են նրա զգացողությունները: Բաց դասի նպատակն էր  ցույց տալ այդ  կառավարման վրա ունեցած ազդեցությունները և ըստ այդմ՝ մարքեթինգի ճիշտ գործունեություն ծավալել: Այսինքն, օգտագործել նեյրոմարքեթինգ հասկացությունը՝ շուկայում շահույթ, հավատարիմ  հաճախորդներ, վստահություն ապահովելու, ապրանքանիշը դիրքավորելու  համար: Խոսվեց մարդու զգայարանների և դրանցից յուրաքանչյուրի վրա դրական ազդեցություն ունենալու միջոցով  ապրանքի բրենդավորման, փաթեթավորման, այն  գնորդին  ճանաչելի և սիրելի  դարձնելու մասին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  Սուսաննա Չալաբյանը նշեց, որ այս դասերը ուսանողներին նախևառաջ տալիս են մասնագիտական գիտելիքներ, ապա անգլերենով ազատ հաղորդակցվելու, գրավոր և բանավոր խոսքը զարգացնելու հնարավորություն: Ամբիոնի վարիչի խոսքով՝ նմանօրինակ դասերը շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին