Կրկին հաղթող է «Нар-Хоз»-ը. միասնականության ոգին՝ հաջողության գրավական

05.05.2014
Դիտումների քանակ՝ 1078

Մայիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի  ունեցավ «Ուրախների ու հնարամիտների ակումբի» (ՈՒՀԱ) «Գարնանային գավաթ» մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը: Երկրորդ տարին անընդմեջ մեր համալսարանի «Нар-Хоз» թիմը տոնեց սպասված ու արժանի հաղթանակ: Առաջին պատվավոր հորիզոնականը  թիմը կիսեց ԵՃՇՊՀ «Տղամարդիկ» թիմի հետ՝ առաջ անցնելով հայաստանյան 3 պետական բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  «ԵրՊԻ»,  Երևանի պետական բժշկական համալսարանի «Արմեդ», Հայ-ռուսական (Սլավոնական)  համալսարանի  «Двойное гражданство» թիմերից:

«Нар-Хоз»-ի հաջողությունը կերտած և ՀՊՏՀ-ի բարի անունը բարձր պահած թիմի 10 հիմնական անդամներ են՝ Դավիթ Մինասյան, Հայկ Գրիգորյան, Աշոտ Սեդրակյան, Մհեր Մակարյան, Նարեկ Փալիկյան, Մելիք Դավեյան, Էդգար Գրիգորյան, Հայկ Ասատրյան, Տիգրան Գասպարյան, Գևորգ Սահակյան: Թիմի գեղարվեստական ղեկավարն է ՀՊՏՀ ասպիրանտ Գագիկ Սիմոնյանը:

Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հյուրերն էին հաղթանակած թիմի անդամներ Դավիթ Մինասյանն ու Տիգրան Գասպարյանը: Նրանք նշեցին, որ պայքարի էին դուրս եկել ոչ միայն պատրաստված, այլև հաղթական ոգով ու տրամադրվածությամբ:

«Ե՛վ ողջույնի, և՛ ռազմինկայի (նախավարժանքի.-հեղ.), և՛ տնային առաջադրանքի փուլերում լավ հանդես եկանք: Ողջունեցինք և հանդիսատեսի համակրանքը գրավեցինք ազգագրական «Յարխուշտա» պարով, ռազմինկայում ի ցույց դրեցինք իմպրովիզ անելու և սուր մտքի մեր կարողությունը, իսկ տնային առաջադրանքին, որ վերնագրված էր «Մայիս՝ հաղթանակների ամիս» ավելի վստահ էինք, ներկայացրեցինք մեկ դրվագ բանակային նվագախմբի կյանքից, երգիծանքի ու հումորի լեզվով խոսեցինք մեր առօրյայի շատ ու շատ երևույթների մասին: Արդյունքում արժանացանք թե՛ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, թե՛ մրցատյանի բարձր գնահատականին»,- ասաց Տիգրան Գասպարյանը:

Ընկերոջ միտքը շարունակեց  Դավիթ Մինասյանը. «Ի դեպ՝ մրցատյանի անդամները հատկապես նկատել էին և շեշտեցին, որ թիմում իշխում է միասնականության ոգին: Իսկապես,  մեր հաջողության գրավականը ընկերական մթնոլորտն է, փոխըմբռնումը, համատեղ ստեղծագործելու, աշխատելու կարողությունը, նպատակասլացությունը: Մեր համալսարանի տարբեր ֆակուլտետներն ենք ներկայացնում, տարբեր մարդիկ ենք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է մեզ միավորում է ՈՒՀԱ-ն և այն մեծ բերկրանքը, որ մեզ պարգևում է այն»:

Կեցցե՛ք, տղաներ: Ամբողջ թիմին և բոլոր սատարողներին մաղթում ենք նորանոր հաջողություններ՝ ստեղծագործական նոր լիցքեր ու գաղափարներ ու մեծ եռանդ՝ դրանք իրականացնելու համար:

Տղաները տեղեկացրեցին նաև, որ, ամենայն հավանականությամբ, հունիսին կկայանա գերմրցաշար, որտեղ հայտնի կդառնա բացարձակ հաղթողը: Մեր տղաները պատրաստ են պայքարելու նաև այդ տիտղոսի համար:

Հ.Գ. Լուսանկարը տրամադրել է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին