Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՊՏՀ-ում անցկացվեց միջոցառում

Դիտումների քանակ՝ 1099

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՊՏՀ-ում այսօր անցկացվեց հատուկ դաս, որի ընթացքում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները ֆրանսերենով ներկայացրեցին ֆրանսիացի անվանի տնտեսագետների կյանքն ու գործունեությունը: Դասը կազմակերպվել էր օտար լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոսների նախաձեռնությամբ: Մասնակցում էին  օտար լեզուների ամբիոնի վարիչ  Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի  ֆրանսերենի դասախոսները, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ուսանողներ:

ՀՊՏՀ-ականները ներկայացրեցին հայտնի տնտեսագետներ Անրի Ֆայոլի, Ժոզեթ Պեյղաղի, Ժան Ֆուրաստիեի, Ֆրանսուա Բենեի, Մորիս Ալլեի, Ժերար Շարոյի, Ժան Պոլ Ֆիտուսի, Էսթեր Դյուֆլոյի  տնտեսագիտական գործունեությունը, մտքերն ու գաղափարները, խոսեցին ֆրանսիական մշակույթի մասին: Բանախոսները պատասխանեցին և' դասախոսի, և' ունկնդիրների հարցերին:  Ֆրանսերենի  դասախոս, դասի վարող Նեկտար Խաչատրյանը գոհունակություն հայտնեց ուսանողներին՝ ֆրանսերենին գերազանց տիրապետելու, ազատ հաղորդակցվելու համար:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  նշեց Սուսաննա Չալաբյանը, նմանատիպ միջոցառումների անցկացումը կարևոր է այն տեսանկյունից, որ արժևորվում է ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի դերը. «Հատկապես վերջին ժամանակներում Հայաստանում ֆրանսերենի կարևորությունն ու նշանակությունը կարծես նվազել է: Այդ պատճառով ֆրանսերենով միջոցառումները, ուսումնասիրություններ կատարելը  մեծապես նպաստում են  ուսանողների անկաշկանդ հաղորդակցվելուն: Ֆրանսերենի դերը մեզ համար կարևոր է նաև նրա համար, որ Ֆրանսիան և Հայաստանը բարեկամ երկրներ են»,- ընդգծեց ամբիոնի վարիչը:

Միջոցառումը տպավորիչ և հետաքրքիր էր նաև ուսանողների համար: Նրանց խոսքերով՝ այսօրինակ միջոցառումները նպաստում են ուսումնառության արդյունավետությանը:

«Այս դասի շնորհիվ մենք զարգացրեցինք  մեր ֆրանսերենի, միաժամանակ՝ տնտեսագիտական գիտելիքները: Նման դասերը մեզ հնարավորություն են տալիս ավելի խորը և մասնագիտական ուսումնասիրություններ կատարել և դրանք ներկայացնել ֆրանսերենով: Ֆրանսերենը գեղեցիկ, երգեցիկ լեզու է»,- մեզ հետ զրույցում ասաց կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Աղաջանյանը:

Դասի ավարտին լավագույն ուսանողները պարգևատրվեցին ֆրանսերեն տնտեսագիտական գրքերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին