ՀՊՏՀ-ն հերթական թողարկման շեմին. համալսարանում սկսվել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 1635

Առկա բակալավրիատի ավարտական կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությամբ այսօր մեր բուհում սկսվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը:
ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործընթացը կընդգրկի առկա բակալավրիատում՝ ամփոփիչ քննություններն ու դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները, առկա մագիստրատուրայում՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությունները և կավարտվի մայիսի 27-ին:

«Առանձին մասնագիտությունների գծով, ուսուցման բոլոր ձևերի համար կազմավորվել է 28 հանձնաժողով, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կաշխատի 2 հանձնաժողով, իսկ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտները ամփոփիչ ատեստավորման գործընթացը կանցնեն մայր համալսարանում»,- նշեց Միհրդատ Հարությունյանը՝ հավելելով, որ հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կմեկնարկի մայիսի 29-ին և կավարտվի հունիսի 20-ին:

Այսօր ավարտական (դիպլոմային) աշխատանքներ են պաշտպանում մարքեթինի, միջազգային տնտեսական հարաբերությունների և մակրոէկոնոմիկայի ամբիոնների  բակալավրիատի շրջանավարտները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները հետևել են գործընթացին, շրջել են քննասենյակներով և ունկնդրել մի քանի պաշտպանություններ, զրուցել ուսանողների   հետ:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր ավարտական աշխատանքներ կպաշտպանեն միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի 2013-2014 ուստարվա 14 շրջանավարտներ:

«Հանձնաժողովում ընդգրկված են մի շարք պաշտոնատար անձինք, հանձնաժողովի նախագահը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալ Վարդան Արամյանն է»-նշեց Գրիգոր Նազարյանը:

Նշված ֆակուլտետում առաջին դիպլոմային աշխատանքի պաշտպանողը Արմինե Արզումանյանն էր, ում հետ զրուցեցինք պաշտպանությունն ավարտելուց անմիջապես հետո: «Սկզբնական շրջանում հուզմունք կար, բայց պատասխանելու ընթացքում  մոռանում ես ամեն ինչ և ձգտում լավագույնս ներկայանալ հանձնաժողովին: Ցանկանում եմ նշել, որ հանձնաժողովի անդամների վերաբերմունքից շատ գոհ եմ, նրանց հարցադրումները շատ տեղին էին: Ընդհանուր առմամբ, մթնոլորտը տրամադրող էր, ինչի շնորհիվ կարողացա անկաշկանդ լինել»-ասաց Արմինեն:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում  մարքեթինգ մասնագիտության 10 շրջանավարտներ: Այստեղ հանձնաժողովի նախագահը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանն է:

Ավարտական աշխատանքը ներկայացնելուց հետո մարքեթինգ մասնագիտության շրջանավարտ Անուշ Շահվերդյանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց հանձնաժողովից՝ նշելով, որ  լավ ներկայանալու համար ոչինչ չխանգարեց, իր պատասխանից գոհ է, սպասում է բարձր գնահատականի:

Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում նաև մակրոէկոնոմիկայի ամբիոնի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության առկա ուսուցման բակալավրատի  7 շրջանավարտներ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Ավարտական աշխատանքը առաջինը պաշտպանեց Արթուր Մարտիրոսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց աշխատանքը լավ ներկայացնելուն, բայց, այնուամենայնիվ, գոհ է թ'ե հանձնաժողովի հարցադրումներից, թե՛ իր պատասխաններից: Արթուրը նշեց, որ ակնկալում է բարձր գնահատական:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մասնագիտությամբ ավարտական աշխատանք գրելու և պաշտպանության ներկայացնելու թույլտվություն են ստանում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները, մյուսները փոխարենը հանձնում են ամփոփիչ քննություն:

Հաջողություն ենք մաղթում ամփոփիչ ատեստավորման գործընթացի բոլոր՝ շուրջ 2400  շրջանավարտներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին