Ամփոփվեց «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» մասնագիտացված ցուցահանդեսը. ՀՊՏՀ-ն ստացավ վկայական

Դիտումների քանակ՝ 992

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր ամփոփվեց «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Երեք օր՝ ապրիլի 16-ին, 17-ին և 18-ին հայաստանյան և մի շարք  միջազգային բուհեր իրենց տաղավարներում  այցելուներին, մասնավորապես աշակերտներին և դիմորդներին, ներկայացրեցին  տվյալ հաստատության կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, ընդունելության քննությունների  կարգը և պատասխանեցին նրանց  հարցերին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող 53-րդ տաղավարը այցելուների պակաս չունեցավ: Երեք օրերի ընթացքում նրանց տրամադրվեցին ՀՊՏՀ-ի վերաբերյալ 5 տասնյակից ավելի տեղեկատվական գրքույկներ, «Տնտեսագետ» ամսագրի տարբեր համարներ, ուսման վարձավճարների մասին տեղեկատվական թերթիկներ և այլն: Ցուցադրվեց նաև «Բանբեր ՀՊՏՀ-ի»  գիտական հանդեսը և մեր բուհի մասին պատմող ֆիլմը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  ( http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ն-կրթություն-և-կարիերա-expo-2014-ի-մասնակից-լուսանկարներ-1522)՝ ՀՊՏՀ-ի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ էր (առավելապես տնտեսագիտական հոսքի աշակերտների կողմից): Տնտեսագիտական համալսարանով հետաքրքրվում էին թե' մեծերը, թե' փոքրերը: Դիմորդներից շատերն արդեն կողմնորոշվել էին և ընտրել մեր բուհի՝ իրենց համար ցանկալի ֆակուլտետը և հետաքրքրվում էին հենց դրանով: Աշակերտները և նրանց ծնողները հիացմունքով էին խոսում ՀՊՏՀ-ի մասին: Բուհի աշխատակիցները հնարավորինս սպառիչ պատասխանեցին հարյուրավոր այցելուների հարցերին:

Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում ՀՊՏՀ-ն ստացավ համագործակցության մի շարք առաջարկներ:

Ցուցահանդեսն ավարտվեց 16.00-ին, որից քիչ անց՝ հանդիսավոր կերպով մասնակիցներին հանձնվեցին վկայականներ. ՀՊՏՀ-ն նույնպես ստացավ վկայական:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին