Նորամուծական գործունեություն. հիմնախնդիրների լուծման ճանապարհ

Դիտումների քանակ՝ 1108

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, կարևորելով Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործընթացներում համալսարանների մասնակցության դերը, սույն թվականի ապրիլի 15-ին կազմակերպել էր սեմինար՝ «Նորամուծական գործունեության վերաբերյալ գիտելիքների ձևավորման և տարածման հիմնախնդիրները ՀՀ-ում»: Թեմայի շրջանակներում հիմնական բանախոսն էր մեր համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ծովինար Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը, նույն ամբիոնի դոցենտներ Գայանե Ավագյանը, Արփենիկ Մուրադյանը, ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը, ՀՊՏՀ մագիստրանտներ, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ:

Իր զեկուցման մեջ Ծովինար Կարապետյանը խոսել է գիտելիքի հասարակության կառուցման գործընթացներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կատարվող գիտական հետազոտությունների մասին, որոնք կարող են նպաստել մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրների լուծմանը, այնուհետև բանախոսը ներկայացրել է ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհների շրջանակներում իր ղեկավարած հետազոտական խմբի աշխատանքի արդյունքում հրատարակված «Նորամուծական գործունեություն. հասկացություններ և բառեզրեր» ձեռնարկը, որը հարուստ նյութ է պարունակում նշված խնդիրների շուրջ:

«Այս միջոցառումը ևս մեկ հավաստումն է այն բանի, որ մեր բուհը հետազոտական համալսարան  դառնալու հաստատուն ճանապարհ է անցնում, և մակրոէկոնոմիկայի ամբիոնն իր ներդրումն ու մասնակցությունն ունի այդ գործում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Ծովինար Կարապետյանը:

Իսկ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Իշխան Տիգրանյանը նշեց, որ միջոցառումը ոչ միայն հագեցած էր բովանդակային իմաստով և հիմնախնդիրը վեր էր հանում բազմաշերտ, այլև ճիշտ ձևաչափ էր ընտրված՝ ինտերակտիվ շփում, աշխույժ հարցուպատասխան, արծարծվող հարցի համատեղ քննարկում:

Միջոցառման մասնակից մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հեղինե Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեմինարը իր և դասընկերների համար հրաշալի առիթ էր՝ նորամուծական գործունեության հիմնախնդիրներին և ստեղծարար մտածողության կարևորությանը անդրադառնալու տեսանկյունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին