Ինչպե՞ս ազատվել կարծրատիպերից և ինչպե՞ս հաղթահարել խտրական մոտեցումը. կլոր սեղան-քննարկում ՀՊՏՀ-ում
Ինչպե՞ս ազատվել կարծրատիպերից, ինչպե՞ս հաղթահարել խտրական մոտեցումը կանանց նկատմամբ, ի՞նչ հետևանքներ և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման վերաբերմունքը նաև երկրի տնտեսական զարգացման վրա: Հարցերի այս լայն շրջանակն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում էր մեկտեղել մի քանի տասնյակ փորձագետների և մասնագետների՝ քննարկելու «Աշխատանքի շուկայում կանանց մասնակցության գենդերային ասպեկտը՝ կարծրատիպայնացումը որպես ներառականության ապահովմանը խոչընդոտող գործոն» թեման:
Հերթական կլոր սեղան-քննարկումը ՀՊՏՀ-ի և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի նախաձեռնած «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում երկրորդ հանդիպումն էր: «Մեր գրասենյակը երկու գերակայություն ունի՝ տնտեսության աճն ու զբաղվածությունը. այս ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կքննարկվեն այդ խնդիրները և առաջարկությունների տեսքով կներկայացվեն շահառուներին»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ասաց Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանը: Ծրագրի ղեկավար Ներսես Գևորգյանը բացման խոսքում ընդգծեց, որ ծրագրի նպատակը մատնանշված հիմնախնդիրների շուրջ ակադեմիական և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ համատեղ քննարկումների կազմակերպումն ու առաջարկությունների մշակումն է:
«Գենդերային հավասարությունն ավելին է, քան միայն կանանց վերաբերող հարց լինելը, այն խելամիտ տնտեսության առհավատչյան է»,-իր խոսքը սկսեց ծրագրի կառավարման խմբի անդամ, ոլորտային վերլուծաբան Նվարդ Մանասյանը՝ հանգամանորեն ներկայացնելով կանանց նկատմամբ նորմավորված մոտեցումները թե՛ կրթության, թե՛ մասնագիտական կողմնորոշման, թե՛ աշխատաշուկայում կայացման ուղղություններում: Նրա խոսքով՝ կանանց նկատմամբ խտրական մոտեցումը երկու պատճառ ունի՝ նախ դեռ կրթություն ստանալուց նրանց համար նեղ սահմաններ են գծվում, թե որտեղ նրանք կարող են աշխատել ու կայանալ, և երկրորդ՝ նաև տնտեսության կառուցվածքը: Երկուսն էլ, վերլուծաբանի խոսքով, կարծրատիպերի հետևանք են:
Որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան Կովկասի հետազոտական ռեսուրսային կենտրոնի հայաստանյան հիմնադրամի տնօրեն,տ.գ.դ., Հեղինե Մանասյանը՝ ներկայացնելով «Հայաստանում կանանց զբաղվածության ու աշխատավարձի տարբերակվածությունը» զեկուցումը և ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը՝ ներկայացնելով «Հայաստանի կրթական համակարգում առկա գենդերային խտրական բովանդակությունն ու մանկավարժական մոտեցումները» զեկուցումը:
Թե աշխատանքի ո՞ր ոլորտներում են առավելաբար ընդգրկված կանայք և ինչպե՞ս են վճարվում նրանք, հանգամանորեն ներկայացրեց առաջին բանախոսը, իսկ երկրորդը ներկայացրեց երկու ուղղություններով իր կատարած հետազոտությունները, որոնք են՝ հանրակրթական դասագրքերն ու մանկավարժների մեթոդաբանությունը: «Դասագրքերի հետազոտությունը պարզեց, թե ինչ իդեալներ են մատուցվում երեխաներին, իսկ մանկավարժների մեթոդաբանության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կրթական միջավայրում դեռևս կան տարբեր կարծրատիպեր, բանաձևեր, որոնց շրջանակներում է իրականացվում մարդկանց մասնագիտական կողմնորոշումն ու առհասարակ ինտեգրումը կյանքին»,- նշեց Ռուզաննա Ծատուրյանը:
Ծրագրի կառավարման խումբն առաջիկայում կտրամադրի խնդրի շուրջ ամբողջական հետազոտությունները, որը մենք կհրապարակենք կայքում՝ ներկայացնելով թեմայի շուրջ ամբողջական բովանդակային ուսումնասիրությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին