ՀՊՏՀ-ն՝ «Կրթություն և կարիերա Expo-2014»-ի մասնակից (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1512

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկեց «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են հայաստանյան և միջազգային մի շարք բուհեր, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Այսօր տեղի ունեցավ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ, ով մոտեցավ նաև մեր բուհը ներկայացնող տաղավարին, ծանոթացավ Տնտեսագիտական համալսարանը ներկայացնող տեղեկատվական գրքույկներին, բուհական «Տնտեսագետ» և «Բանբեր» ամսագրերին:

Ինչպես հաղորդում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող տաղավարը այցելուների կողմից մեծ հետաքրքրության է արժանանում. բուհի ֆակուլտետների, վարձավճարների, ընդունելության քննությունների և կարգի մասին հետաքրքրվում են ինչպես դիմորդներն ու ավարտական դասարանների աշակերտները, այնպես էլ՝ ծնողները: Մեր տաղավարում ցուցադրվում է նաև ՀՊՏՀ-ի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ներկայացվում է բուհի պաշտոնական կայքը, պատերին փակցված են բուկլետներ, ինչը ևս, գրավում է այցելուներին:

ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետի պաշտոնակատար Էռնեստ Դավթյանը,  ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի պետ Գայանե Մերդինյանը,  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լրագրող Նանե Ավանեսյանը, գիտության բաժնի առաջատար մասնագետ Գայանե Մուրադյանը պատասխանում են  այցելուների հարցերին՝ տրամադրելով նրանց բուհի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ:

Նշենք, որ այցելուների հիմնական մասը տնտեսագիտական հոսքում սովորող աշակերտներ են եղել, ովքեր նշել են, որ պատրաստվում են ուսումը շարունակել  հենց Տնտեսագիտական համալսարանում, ուստի իրենց հետաքրքրում է ամեն ինչ բուհի մասին:  Այս պահին էլ շարունակվում է մեր տաղավարի հանդեպ այցելուների մեծ հոսքը, ՀՊՏՀ ներկայացուցիչները պատասխանում են այցելուների հարցերին:

Հավելենք, որ ցուցահանդեսը կշարունակվի ևս երկու օր և կամփոփվի ապրիլի 18-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին