Նոր ծրագրի մեկնարկ. Գործարկվել է ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանը, գրքային ֆոնդը թվայնացվում է Koha գրադարանային ծրագրով
Տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ բուհի նախաձեռնած հերթական ծրագրի շնորհանդեսը՝ ներկայացվեց ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանը: Միջոցառմանը մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանն ու Պարույր Քալանթարյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, աշխատակիցներ:
Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանի գրադարանի թվայնացման ծրագիրը՝ նշելով, որ գրքային ֆոնդը թվայնացվում է հանրահայտ «Koha» ծրագրով, ներկայացրեց դրա հիմնական առավելությունն ու հնարավորությունները, այն է՝ գրքային ֆոնդի պահպանում, գրքային ֆոնդի հասանելիության բարձրացում, այլընտրանքային տարբերակով գրքային ֆոնդի համալրում, հնարավորություն ինտեգրվելու գրադարանային ժամանակակից հանրությանը, անդամակցություն գրադարանային էլեկտրոնային կոնսորցիումին, համապատասխանեցում ժամանակակից գիտական համալսարանական գրադարանների պահանջներին, աստիճանական անցում սպասարկման էլեկտրոնային տարբերակին:
Գրադարանի տնօրենի խոսքով՝ գրադարանային ֆոնդը թվայնացվում է հետևյալ առաջնահերթությամբ՝ ուսումնական ֆոնդի, ապա սահմանափակ քանակով գրքերի, ոչ գրքային ֆոնդի, ոչ գրքային հրատարակությունների, և վերջում՝ ամբողջական գրքային ֆոնդի թվայնացում: Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ եզակի գրքերը այսուհետ հասանելի են ուսանողներին: Նա նաև նշեց, որ էլեկտրոնային գրադարանը հասանելի է միայն համալսարանի տարածքում, պահպանվել են հեղինակային բոլոր իրավունքները: «Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ավտոմատացնել սպասարկման աշխատանքները՝ ընթերցողին սպասարկելով էլեկտրոնային պատվերի օգնությամբ»,-նշեց տնօրենը:
Շնորհանդեսին ցուցադրվեցին նաև այն ժամանակակից սարքավորումները, որոնցով իրականացվում են թվայնացման աշխատանքները: «Koha» ծրագրի անցման աշխատանքներին աջակցել են նաև ԵՊՀ աշխատակիցներ Աիդա Սարգսյանը, Լուսինե Խաչատրյանը, Մարգարիտա Հովսեփյանը: Նրանք շնորհանդեսին ներկայացրեցին ծրագրից օգտվելու կանոնները և պատասխանեցին մասնակիցների հարցերին:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն արժևորեց գրադարանի դերն ու նշանակությունը՝ նշելով, որ այն ոչ թե զուտ գրքի պահպանման վայր է, այլև՝ գիտելիքի փոխանակման կարևոր միջոց: Պրոռեկտորն ընդգծեց, որ էլեկտրոնային գրքային ֆոնդի մասնագիտական բազաների ճիշտ ձևավորմանը պետք է աջակցեն նաև ամբիոնների վարիչները:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը նախ իր խոսքի սկզբում նշեց, որ ՀՊՏՀ գրադարանը բավական անելիքներ ունի ձևով, բովանդակությամբ ու սպասարկման որակով գոնե հայաստանյան բուհերի գրադարանների շարքում լավագույնը դառնալու համար, ապա հույս հայտնեց, որ այդ ճանապարհին առաջին քայլն արված է՝ գցվել է էլեկտրոնային գրադարանի ստեղծման հիմքը: Նա գոհունակությունը հայտնեց գրադարանի տնօրենին և ԵՊՀ գործընկերներին ու հույս հայտնեց, որ գործընթացը բարեհաջող ավարտ կունենա և ևս մեկ բաղադրիչով իր նպաստը կբերի կրթության որակի բարձրացմանը միտված համալսարանի ղեկավարության ջանքերին :
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ՀՊՏՀ էլեկտրոնային նորաստեղծ գրադարանի էջ կարող եք այցելել և՛ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Գրադարան» պատուհանի միջոցով` http://www.asue.am/am/էջեր-220//գրադարան-1502, և՛ հետևյալ հղումով՝ http://library.asue.am/:
Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ համակարգը նոր է գործարկվել, գործընթացը դեռ չի ավարտվել, առաջիկայում կլինեն շտկումներ, սակայն հուսով ենք, որ հերթական ծրագիրը կօժանդակի Ձեզ ուսումնական, գիտական գործընթացում: Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար դիմեք ՀՊՏՀ գրադարանի տնօրինությանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին