Բաց դաս՝ նոր ձևաչափով. մագիստրատուրայի ուսանողները մասնագիտական գիտելիքները ներկայացնում և զարգացնում են նաև անգլերենով

Դիտումների քանակ՝ 1401

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի  մագիստրատուրայի  1-ին կուրսում այսօր կայացավ նոր ձևաչափով բաց դաս: Ուսանողներն անգլերենով ներկայացրեցին  հաշվապահական ստանդարտների վերաբերյալ զեկուցումներ: Դասին մասնակցում էին ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի դասախոս Ռուզաննա Խոստիկյանը և ավագ  լաբորանտ Քրիստինե Սարգսյանը, ուսանողներ:

Մագիստրանտներ Նանե Քոչարյանը և Հայկ Մինասյանը  ներկայացրեցին զեկուցումներ՝ «Միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներ»  և «Միջազգային հաշվապահական ստանդարտներ» թեմաներով: Ելույթներից հետո զեկուցողները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Բաց դասի կազմակերպմանը, ինչպես նաև  ուսանողներին անգլերեն զեկուցումներ պատրաստելու գործում աջակցել է  դասախոս Ռուզաննա Խոստիկյանը: Վերջինս լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ նման ձևաչափի դասի կազմակերպման նախաձեռնությունը ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանին է:

«Անգլերենով բաց դասերի  անցկացումը համեմատաբար նոր երևույթ է մեզանում և կփորձենք այն հնարավորինս զարգացնել: Ուսանողները մեծ ոգևորությամբ են պատրաստել զեկուցումները: Նախաձեռնությունը, կարծում ենք, կունենա դրական արդյունք՝ զարգացնելով ուսանողների մասնագիտական  գիտելիքներն ու անգլերեն լեզվով անկաշկանդ հաղորդակցվելու ունակությունները»,- շեշտեց  Ռուզաննա Խոստիկյանը:

Ալվարդ Սարգսյանը  նշեց, որ  Տնտեսագիտական համալսարանում շատ են ուսանողներն, ովքեր լավագույնս  տիրապետում են ինչպես մասնագիտական առարկաներին, այնպես էլ՝ անգլերենին:

«Առաջատար կազմակերպություններում այժմ կարևորվում է նաև  օտար լեզվի, մասնավորապես՝  անգլերենի լավ  իմացությունը: Ուստի նման ձևաչափի բաց դասերի անցկացումը նպատակ ունի խթանելու ուսանողների  ազատ հաղորդակցմանը, նաև՝  ցույց տալու, որ նրանք  գերազանց տիրապետում են անգլերենին: Դասերի անցկացումը շարունակական է, առաջիկա շաբաթներին ևս, կլինեն նմանաբնույթ բաց դասեր»,- ասաց ամբիոնի վարիչը:

Դասի, ուսանողների փայլուն ելույթների առիթով իր գոհունակությունը հայտնեց նաև Սուսաննա Չալաբյանը, ընդգծելով, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սովորում են խելացի ուսանողներ, ովքեր կարողանում են ստացած գիտելիքները հիանալի մատուցել անգլերենով, ինչը ողջունելի է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին