Մարզամշակութային միջոցառում՝ ՀՊՏՀ պրոֆեսորի նախաձեռնությամբ
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լյովա Սամվելյանի նախաձեռնությամբ և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աջակցությամբ այսօր նշված ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզական-մշակութային ցերեկույթ՝ «Սպորտը և արդարացի խաղը» խորագրով: Միջոցառմանը ներկայացվել են Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորի գրական ստեղծագործությունները (բանաստեղծություններ), որոնք առնչվում են սպորտին և ֆիզկուլտուրային: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Լյովա Սամվելյանը՝ ցերեկույթի հանդեպ մեծ հետաքրքրություն է եղել. մասնակցել են մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ներկայացուցիչները, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Լյովա Սամվելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը առաջին հերթին սպորտի արժևորումն էր, ապա սպորտի և մշակույթի կապի ամրապնդումն ու միջբուհական համագործակցության սերտացումը: «Ֆիզիկական և մտավոր կարողությունները համատեղ զարգացնելը շատ կարևոր է մարդու համար: Դա մի ձև է, որը նպաստում է անձի ներաշխարհի հարստացմանը: Իմ ստեղծագործություններում ընդգծել եմ հատկապես արդարացի խաղ հասկացությունը, որը վերաբերում է և' սպորտին, և' առհասարակ կյանքի բոլոր երևույթներին»,-նշեց պրոֆեսորը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև Լ. Սամվելյանի ձեռքի աշխատանքները՝ ծառերի ճյուղերից և արմատներից պատրաստված կոմպոզիցիաներ, ներկայացվել են գեղարվեստական կատարումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին