ՀՊՏՀ-ն իր մասնակցությունն է ունեցել քեսաբահայերի աջակցությանը

Դիտումների քանակ՝ 1116

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իր մասնակցությունն է բերել քեսաբահայերի աջակցության հերթական նախաձեռնությանը: Երեկ Կամերային երաժշտության տանը կազմակերպված համերգ-միջոցառմանը քեսաբահայերի աջակցության հաշվեհամարին ՀՊՏՀ ուսանողության անունից փոխանցվել է 500.000 դրամ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:

Ի աջակցություն քեսաբահայության անցկացված համերգ-միջոցառումը, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ:

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում  նշեց. «Նախ ասեմ, որ մեր բուհի ուսանողների և դասախոսական կազմի համար նման բարեգործական, մարդասիրական ծրագրերը միշտ եղել են ուշադրության կենտրոնում: Ասածիս վառ ապացույցը արդեն տարիներ շարունակ՝ ավելի քան մեկ տասնամյակ, կազմակերպվող այցերն են դեպի մանկատներ, ծերանոցներ: Վերջերս բուհի ուսանողնությունն իր համեստ օգնությունը ցուցաբերեց նաև դերասան Կարեն Մկրտչյանին և հիմա էլ, ահա, հենց քեսաբցի մեր հայրենակիցներին: Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ նման դեպքեր տեղի չունենային առանց այն էլ բազմաթիվ փորձություններ և զրկանքներ տեսած մեր հայրենակիցների կյանքում, սակայն երբ կա կարիքը, ապա բոլորիս պարտքն է լինել նրանց կողքին և աջակցել: Նշեմ նաև, որ այստեղ ես ոչ թե կարևորում եմ գումարի չափը, այլ պատրաստակամությունը: Ես՝ որպես ուսանողական խորհրդի նախագահ, վստահեցնում եմ, որ մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող յուրաքանչյուր հայի, որը կունենա նման անհրաժեշտություն»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին