ՀՊՏՀ շախմատի աղջիկների թիմը նվաճել է 2-րդ հորիզոնականը. մեկնարկել են միջբուհական 15-րդ հանրապետական մարզական խաղերը

Դիտումների քանակ՝ 1134

Մարտի 26-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  տեղի ունեցած շախմատային խաղերով մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների  15-րդ հանրապետական մարզական խաղերը: Մարտի 26-28-ը տեղի են ունեցել շախմատային  խաղեր հայկական տարբեր բուհերի թիմերի միջև:  Նշենք, որ մարտի 26-ին և 27-ին կայացել են թիմային խաղերը, իսկ մարտի 28-ին՝ անհատականը:

ՀՊՏՀ շախմատի աղջիկների թիմը  նվաճել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ 14 միավորով, 2 միավորով զիջելով  առաջին տեղը նվաճած  ԵՊՀ  թիմին (16 միավոր): Իսկ մեր բուհի շախմատի տղաների թիմը  զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Անհատական խաղերում ՀՊՏՀ ուսանողուհիներ  Լուսինե Թորոսյանն  ու  Լիլիթ Մաթևոսյանը  զբաղեցրել են  համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս, շախմատի թիմի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  նշեց, որ  մեր բուհի  թե' աղջիկների, թե' տղաների թիմերը  լավ խաղ են ցույց տվել:

«Ընդհանուր առմամբ, մեր թիմերից գոհ եմ: Մեր շախմատիստներն  աչքի ընկան լավ խաղերով: Հարկ է նշել, որ գրագետ խաղ ցույց տվեցին հատկապես մեր աղջիկները՝ Լուսինե Թորոսյանը (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս), Անի Թադևոսյանը (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս) և Լիլիթ Մաթևոսյանը (ֆինանսական ֆակուլտետ, 2-րդ կուրս): Աղջիկներն իրենց լավագույնս դրսևորեցին նաև անհատական խաղերում՝ նվաճելով արծաթե և բրոնզե մեդալներ»-ընդգծեց մարզիչը:

ՀՊՏՀ շախմատիստուհիները ստացել են արծաթե մեդալներ, թիմն արժանացել է  հավաստագրի:

Շախմատի մարզչի փոխանցմամբ՝ թիմային և անհատական խաղերում տղաներից լավ խաղ են ցույց տվել հատկապես Դավիթ Մովսիսյանը, Հովհաննես Արզումանյանը, Մինաս Կապուկչյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեսախցիկն ամրագրել է միջբուհական հանրապետական շախմատային խաղերի մի քանի ակնթարթներ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Հավելենք, որ 15-րդ հանրապետական միջբուհական մարզական խաղերի շրջանակներում մեր բուհի ուսանողները  ներկայացված են տարբեր սպորտաձևերում անցկացվելիք  մրցումներում: Մենք հետևում ենք մեր ուսանողների հաջողություններին. միջբուհական խաղերին կանդրադառնանք նաև առաջիկայում:

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին, մաղթում նորանոր  մարզական նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին