ՀՊՏՀ ասպիրանտը ներկայացրել է Հայաստանը միջազգային գիտաժողովում

Դիտումների քանակ՝ 1022

Իտալիայի Վենետիկ քաղաքում մարտի 26-28-ը տեղի է ունեցել «Բիզնես ոլորտի առաջընթացները գիտահետազոտական կոնֆերանսը» (Advances in Business-Related Scientific Research Conference, ABSRC 2014 Venice), որին մասնակցել են 97 ներկայացուցիչներ աշխարհի 47 երկրներից: Մեր հանրապետությունից գիտաժողովին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասպիրանտ Գայանե Թովմասյանը և հանդես է եկել  «Առողջարանային-վերականգնողական զբոսաշրջութ­յան զարգացման հիմնական  ուղիները  ՀՀ-ում»  (The main ways of spa-resort tourism development in Armenia)  թեմայով զեկուցմամբ :

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեց Գայանե Թովմասյանը, իր զեկույցն ընդունվել է  մեծ հետաքրքրությամբ, և դրա շուրջ  եղել են տարբեր ուղղվածության հարցեր, որոնց տրվել են գիտական սպառիչ պատասխաններ:

«Ներկայացված զեկուցման մեջ քննարկել եմ  ՀՀ-ում առողջարանային-վերականգնողական զբոսաշրջության զարգացման հիմնական ուղիները և հեռանկարները, պատկերավոր ներկայացրել  Հայաստանի 10 գեղատեսիլ հանգստյան գոտիները,  իմ կողմից կատարված մարքեթինգային հետազոտության արդյունքները,  ոլորտի զարգացման  SWOT  վերլուծությունը, ինչպես նաև իմ մշակած` առողջարանային-վերականգնողական զբոսաշրջության զարգացման հայեցակարգը», - իր զեկուցումն ամփոփ  ներկայացրեց  Գայանե Թովմասյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ասպիրանտը միջազգային  գիտաժողովին մասնակցությունը կարևորեց  այն առումով, որ նախ՝ ներկայացրել է  Հայաստանը, իր կատարած հետազոտությունները, ապա նշեց, որ   գիտաժողովը նաև մտքերի, փորձի փոխանակում էր, ինչը կնպաստի  հետագայում իր կողմից կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը:

«Հպարտ  եմ, որ կարողացա այդ հեղինակավոր գիտաժողովին ներկայացնել Հայաստանը և հանդես գալ ՀՊՏՀ-ի  անունից: Ուրախալի էր նաև այն, որ բոլոր մասնակիցները հետաքրքրվում էին Հայաստանով` ինչպես մեր երկրում զբոսաշրջության զարգացման հիմնական քայլերով ու ծրագրերով, այնպես էլ՝ հայ ժողովրդի պատմությամբ, մշակույթով, Սփյուռքով և հայոց ցեղասպանությամբ: Օգտագործելով պատեհ առիթը՝  եղա նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզում և Մխիթարյան միաբանությանը  նվիրեցի մեր ընտանիքի անդամների հեղինակած 4 գրքեր, այդ թվում նաև` իմ համահեղինակությամբ տպագրված «Տնտեսագիտության տեսություն»  ուսումնական  ձեռնարկը», - վենետիկյան այցն ամփոփեց Գայանե Թովմասյանը՝ հավելելով, որ գիտաժողովին իր մասնակցությանն աջակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում, որի կապակցությամբ հայտնում է իր խորին շնորհակալությունը:

Մեր ասպիրանտին գիտական ոլորտում մաղթում ենք հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին