ՀՊՏՀ ասպիրանտը՝ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի հաղթող

Դիտումների քանակ՝ 1557

ՀՊՏՀ ասպիրանտ Գայանե Ավետիսյանը հաղթել է  «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթում, որի արդյունքներն հայտնի դարձան օրերս՝ հաղթողների դրամաշնորհների վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Գայանե Ավետիսյանը մրցույթին մասնակցել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրները պետական գնումների գործընթացում» թեմայով աշխատանքով, նրա գիտական ղեկավարն է ՀՊՏՀ տնտեսագիտության  տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում մարտի 21-ին, տեղի է ունեցել  «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի  հաղթողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ  Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով երիտասարդ գիտնականներին, նշել է, որ վերջիններիս գիտական գործունեության համար պետությունն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի` հաշվի առնելով նրանց ակադեմիական և գիտական աշխատանքի որակը:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթին մասնակցելու համար ստացվել է 99 հայտ: Գիտական փորձաքննության  հիման վրա կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը, որի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 28 թեմա: Ընտրված թեմաների կեսը՝  14-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են  ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 1-ը` բժշկական, 1-ը` գյուղատնտեսական, 4-ը՝ հասարակական, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները: Ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 8-ը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ասպիրանտները և երիտասարդ հայցորդները: 8 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, 5-ը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից և 1-ական թեմաներ` Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական, Հայաստանի ազգային ագրարային և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին