ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց միջազգային փորձագետ Ջերրի Ֆիցպատրիկը

Դիտումների քանակ՝ 1109

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր կայացավ հանդիպում ուսանողների և սոցիալական պաշտպանության հարցերով իռլանդացի  միջազգային փորձագետ Ջերրի Ֆիցպատրիկի հետ: Վերջինս  ԱՄՆ ՄԶԳ (Միջազգային զարգացման գործակալություն)  ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» հրավերով Հայաստանում իրականացնում է ոլորտի ուսումնասիրություն: Նշված ծրագրի հրավերով էլ նա այցելեց Տնտեսագիտական համալսարան և հանդես եկավ  «Սոցիալական ապահովության համակարգը Իռլանդիայում» թեմայով դասախոսությամբ՝  լուսապատկերի միջոցով ներկայացնելով միջազգային փորձը սոցիալական ապահովության ոլորտում: Մասնավորապես նա ներկայացրեց Իռլանդիայի սոցիալական ապահովության համակարգը,  խոսեց  ոլորտում վերջին տարիների զարգացումների և բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման իռլանդական մոտեցման մասին, ներկայացրեց նաև  Հայաստանում ինտեգրված կամ համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների նկարագիրը:

Ինչպես նշեց փորձագետը, ՀՊՏՀ-ում հյուրընկալությունը պատահական չէր, քանի որ տնտեսագետները առավել քան  պետք է իրազեկ  լինեն սոցիալական պաշտպանության ոլորտի միջազգային փորձին, որպեսզի հետագայում այն լավագույնս կիրառեն իրենց երկրում՝ ոլորտը բարելավելու նպատակով:

Ի դեպ, Ջերրի Ֆիցպատրիկը սոցիալական պաշտպանության ոլորտում  ունի 27 տարվա աշխատանքային փորձ, վերջին 20 տարիներին միջազգային փորձագետ է աշխատել 17 երկրներում՝ սոցիալական ծառայությունների համակարգի մասին խորհրդատվություն տրամադրելով հիմնականում Հարավային, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում, Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում:

Անդրադառնալով Հայաստանին, փորձագետը նշեց, որ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ուսումնասիրության արդյունքում եզրահանգել է դրական արդյունքների:

Դասախոսության ավարտից հետո փորձագետը պատասխանեց լսարանի հարցերին, շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: «Սա մի գեղեցիկ առիթ էր՝ Տնտեսագիտական համալսարան գալու և ձեզ հետ լինելու համար,-ելույթն ամփոփեց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին