«Հայ տնտեսագիտական միտքը միջնադարում» խորագրով սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1426

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի  տնտեսագիտության տեսություն  մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն այսօր «Տնտեսագիտական  ուսմունքների պատմություն» առարկայից դասն անցկացրին սեմինարի տեսքով: Սեմինար-դասի խորագիրն էր «Հայ տնտեսագիտական միտքը միջնադարում»:

Դասի ընթացքում ուսանողուհի Ռիտա Օհանյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց Գրիգոր Տաթևացու, Մխիթար Գոշի, Մատթևոս Ջուղայեցու գործունեությունը, տնտեսագիտական մտքերն ու գաղափարները: Խոսվեց աշխատանքի հասարակական բաժանման և տնտեսության ճյուղերի դասակարգման, ապրանքափոխանակության հարաբերությունների, հարստության բաշխման հարցերի  և այլնի մասին, ինչպես նաև Տաթևացու մեկնաբանությունների, Գոշի՝ տնտեսագիտական մտքեր արտահյայտող առակների (օր.՝ «Ոսկին և ցորենը»), Մատթևոս Ջուղայեցու  տնտեսագիտական գաղափարների մասին:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց դասախոս, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Սամվել Գրիգորյանը, նմանատիպ սեմինարների անցկացումը կարևոր է և  անհրաժեշտ: Դասախոսն ընդգծեց հատկապես այն, որ ուսանողները պետք է իրազեկ լինեն հայ տնտեսագիտական մտքի ակունքներին:

«Սա դասը հետաքրքիր անցկացնելու նոր մոտեցում է, որը, կարծում ենք, ուսանողներին ոգևորում է, քանի որ նրանք ավելի են  ներգրավվում դասին, այսպես ասած, դասը իրենք են վարում: Հայ միջնադարյան պատմության նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Գրիգոր Տաթևացին, Մխիթար Գոշը,Մատթևոս Ջուղայեցին, Սմբատ Սպարապետը և ուրիշներ, տնտեսագիտական արժեքավոր մտքերը այնքան էլ հայտնի չեն հանրությանը: Ուստի սա նպատակ ունի ուսանողներին  ճանաչելի դարձնել մեր մեծերի գաղափարները: Նմանօրինակ դասերի կազմակերպումը շարունակական է լինելու»,- ասաց Սամվել Գրիգորյանը:

Ուսանողուհի Թագուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրինակ սեմինարների շնորհիվ  ավելի շատ գիտելիքներ ստանալու հնարավորություն են ունենում և հավելեց. «Դասի մատուցման այս ձևն ավելի հետաքրքիր է դարձնում դասաժամը, լավ կլինի, որ դասերն այսպես անցկացվեն հաճախակի»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին