ՀՊՏՀ շախմատի թիմը մասնակցել է «Վահանյանի գավաթ» միջազգային մրցաշար-օլիմպիադային
«Ռոստովի շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի առաջարկով մարտի 12-16-ը անցկացվել է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական թիմային բաց անդրանիկ մրցաշար-օլիմպիադան, որին մասնակցել են 10 թիմ՝ 7-ը՝ Հայաստանից, 2-ը՝ Ռոստովից, 1-ը՝ Դոնեցկից:
Մեր համալսարանի թիմը ևս մասնակցել է մրցաշարին և, ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս, շախմատի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը, մեր թիմը լավ է խաղացել, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ 9 միավորով:
«Մրցաշարին մասնակցությունը լավ առիթ էր մեր թիմի համար՝ կոփվելու և ուժերը չափելու տեսանկյունից: Պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ, գոհ եմ ՀՊՏՀ թիմի խաղից. մեր շախմատիստները տրամադրված էին, խաղում էին մեծ ոգևորությամբ: 10 մասնակիցների շարքում 5-րդ հորիզոնականը վատ ցուցանիշ չէ: Ի դեպ, առաջիկայում կայանալու են միջբուհական խաղերը, մեր թիմը պատրաստվում է նաև դրան»,-ասաց Լյուդմիլա Հովհաննիսյանը: Մարզչի փոխանցմամբ՝ ուսանող- շախմատիստները մրցաշարից տպավորված են: Մեր մասնակիցները ստացել են հուշանվերներ:
Կազմակերպիչների համոզմամբ՝ այս մրցաշարի անցկացումը նպատակ ուներ մասնակից երկրների բուհերի միջև արդյունավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների հաստատման և բուհերում շախմատի մասսայականացման աջակցման:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին