Օլիմպիադա ՀՊՏՀ-ում. տնտեսագիտական կրթության նոր հեռանկարներ

Դիտումների քանակ՝ 2069

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) կողմից այսօր ՀՊՏՀ թիվ 315 լսարանում անցկացվեց Բուհերի ուսանողների և շրջանավարտների օլիմպիադա` մագիստրատուրա դիմել ցանկացողների համար: Մասնակիցները առաջադրանքներ կատարեցին տարբեր մասնագիտական ուղղություններով. կառավարում, բիզնես ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, կիրառական քաղաքագիտություն, պետական և մունիցիպալ կառավարում, ծրագրային ինժեներիա, ժողովրդագրություն, միջազգային հարաբերություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսական վերլուծության մաթեմատիկական մեթոդներ, ֆինանսներ և վարկ, համաշխարհային տնտեսագիտություն, լոգիստիկայի ռազմավարական կառավարում, գովազդ և հանրային կապեր և այլն:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հայաստանի նախագծերի համակարգող Նոնա Միրզախանյանը նշեց, որ այս օլիմպիադան Հայաստանում անցկացվում է սկսած 2010 թվականից, այսինքն՝ 4-րդ անգամ և բարձր արդյունք ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն է ընձեռում պետպատվեր համակարգում, առանց ընդունելության քննությունների, ուսումը շարունակելու Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում այն մասնագիտությամբ, որի առարկայական ուղղությամբ մասնակցել են օլիմպիադային:
«Հայտագրվածների թվում են ուսանողներ և շրջանավարտներ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից: Բոլորին մաղթում ենք հաջողություն և ցանկանում տեղեկացնել, որ նրանք, ովքեր բարձր արդյունք չեն ունենա, հետագայում ևս մեկ հնարավորություն կստանան՝ մասնակցելու բաց մրցույթի»,-ասաց Նոնա Միրզախանյանը և հավելեց, որ արդյունքները հայտնի կդառնան 1 ամիս անց, կտրվի նաև բողոքարկման հնարավորություն:
Մեր համալսարանի ուսանողներից երկուսի հետ զրուցեցինք մինչ օլիմպիադայի սկսվելը: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Մարգարիտա Մեսրոպյանը նշեց, որ օլիմպիադայի մասին տեղեկացել է համալսարանի արտաքին կապերի բաժնից և ուրախ է՝ իր ուժերը փորձել մարքեթինգային հեռազոտություններ և գովազդը ժամանակից բիզնեսում առարկայական ուղղությամբ: Կառավարման ֆակուլտետի ուսանող Սերգեյ Պետրոսյանը դիմել է պետական և մունիցիպալ կառավարում ուղղությամբ և հույս ունի, որ հաջողության դեպքում կունենա փորձի փոխանակման, հետազոտական աշխատանքի լայն հնարավորություններ:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում առհասարակ օլիմպիադաների անցկացումը գնահատեց որպես ուսանողի ինքնաճանաչման ու ինքնադրսևորման լավագույն միջոց, իսկ մասնավորապես Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կողմից անցկացվող այս օլիմպիադան՝ որպես օժտված ու նպատակասլաց ուսանողներին բացահայտելու և անվճար հիմունքներով կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հնարավորության ընձեռում:
«Այս միջոցառումը ՀՊՏՀ-ի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի միջև համագործակցության առաջին քայլերից է: Մեր համալսարանի պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ նաև դասախոսների հետազոտական աշխատանքների շուրջ:

Հաշվի առնելով այս հետազոտական համալսարանի նվաճումները նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, հուսով ենք, որ համագործակցությունը երկուստեք կնպաստի մտավոր ներուժի մեծացմանը, դասավանդման նոր տեխնոլոգիաների ներդրմանը, որից կշահի ուսանողը»,- ասաց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Բուհերի ուսանողների և շրջանավարտների օլիմպիադային կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների բոլոր բուհերի ուսանողները և բակալավրիատի շրջանավարտները: Նշված երկրների բուհերի ներկայացուցիչների համար օլիմպիադային մասնակցությունն ազատ է ու անվճար:
Տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.hse.ru, www.hse.ru/sng :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին