Հաղթանակ երկու անվանակարգում
Երևանի պետական բժշկական համալսարանում երեկ կազմակերպված «Medicus EXPO -2014» ուսանողական ցուցահանդես-մրցույթին մասնակցել են նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մամուլի և լրատվության հանձնաժողովի անդամները: Նշենք, որ այս մրցույթն անցկացվում է տարբեր ուսանողական լրատվական և տեղեկատվական միջոցների միջև և կազմակերվել էր Բժշկական համալսարանի նախաձեռնությամբ:
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են հայաստանյան 4 բուհեր՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան:
ՀՊՏՀ-ականները հաղթել են «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ինտերնետային կայք» և «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լրատվության և տեղեկատվության ոլորտը լուսաբանող լավագույն զեկույց» անվանակարգերում:
Մասնակիցների փոխանցմամբ՝ ցուցահանդեսի ժամանակ ՀՊՏՀ տաղավարը այցելուների պակաս չի ունեցել: ԵՊԲՀ դահլիճում լսվել են ուսանողական ինքնակառավարման մարմինների լրատվության և տեղեկատվության ոլորտը լուսաբանող զեկույցները: Պրոֆեսիոնալ ժյուրին ամփոփել է մրցույթի արդյունքները, հանձնվել են հավաստագրեր և մրցանակներ: Մեր ուսանողները սահմանված 5 անվանակարգերից 2-ում հաղթող են ճանաչվել:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցեր բուհի ուսանողական խորհրդի մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ, «Էկոնոմ պլյուս» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը՝ նշելով, որ մրցանակը սպասելի էր, այն է'լ ավելի է մեծացնում պատասխանատվությունը գործի հանդեպ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին