«Հավերժ Չարենց՝ հայկական արևի, հույզի, ծիծաղի, վշտի և…լռության». ՀՊՏՀ –ում նշվեց Չարենցի տարեդարձը (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում այսօր նշվեց մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի (Եղիշե Աբրահամի Սողոմոնյան, ծնվ. է 1897թ. մարտի 13-ին, Կարսում ) 117 ամյակը: Մեծ պոետին նվիրված ցերեկույթը կազմակերպվել էր հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ` ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարի Զաքարյանի գլխավորությամբ: Մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:
Ցերեկույթի խորագիրն էր՝ «Հավերժ Չարենց՝ հայկական արևի, հույզի, ծիծաղի, վշտի և…լռության»: Միջոցառումն ազդարարեց ամբիոնի վարիչ Մարի Զաքարյանը, ով ամփոփ ներկայացրեց Չարենցի կյանքը, գործունեությունը, բանաստեղծական անցած ուղին՝ բնորոշելով նրան իբրև հայ նորագույն գրականության հիմնադիր: Պրոֆեսորը հանգամանորեն խոսեց բանաստեղծի ստեղծագործական շրջափուլերի մասին՝ առաջինը՝ տերյանական, երկրորդը՝ հեղափոխությանը նվիրված բանաստեղծություններ, երրորդը՝ 20-ական թվականների հայ նորագույն գրականության զարգացման մայրուղու որոնումների շրջան, չորրորդը՝ արդյունքը այդ որոնումների՝ «Էպիքական լուսաբաց» շարքը և վերջինը՝ ծանր, տագնապալից խոհերի ու հիասթափությունների շրջան՝ «Գիրք ճանապարհի» ժողովածու: Մարի Զաքարյանն իր ելույթը եզրափակեց «Անկումների սարսափից» ստեղծագործությունից մի քառատող ընթերցելով.
.
Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
Ինչպես նշեց Մարի Զաքարյանը՝ Չարենցի մասին կարելի է խոսել անվերջ, մի ամբողջ կյանք:
Ամբիոնի վարիչի ելույթից հետո ՀՊՏՀ շնորհաշատ ուսանողներն ասմունքեցին Չարենցի բանաստեղծությունները, հանդես եկան հայկական ժողովրդական երգով, պարով: Այնքա՜ն նվիրում կար ուսանողների ասմունքի մեջ, կարծես, նրանք ոչ թե տնտեսագետներ, այլ բանասերներ էին: Այնքա՜ն կյանք կար նրանց աչքերում «Տաղարան» շարքից բանաստեղծություններ արտասանելիս, որ, կարծես, զգում էին Չարենցի ցավը, վիշտը: Ուսանողների ելույթներն ավարտվեցին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, որը, ինչպես բնութագրել է Վիլյամ Սարոյանը, «Հայր մեր»-ին նմանվող աղոթք է:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ Մարի Զաքարյանին, բուհի շնորհաշատ ուսանողներին՝ հրաշալի միջոցառման, դահլիճը Չարենցով լցնելու համար:
«Չարենցը հայ գրականության երկնակամարում փայլող ամենապայծառ աստղերից մեկն է, նա ազգի մեծություններից է, ինչպես Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: Մեծությունները տարբերվում են նրանով, որ ապրում են մեզ հետ հավերժ: Չարենցի անժամանակ մահը չդարմանվող վերք է մեր ազգի համար, նա դեռ շատ բան ուներ տալու բազմադարյա քերթության մեր ճոխ անդաստանին»,-բանաստեղծի գործունեությունը գնահատեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մարի Զաքարյանը նշեց, որ միջոցառման կազմակերպումը նախևառաջ նպատակ ուներ աշխուժացնելու բուհի հոգևոր-մշակութային կյանքը, ուսանողներին կոչ անելու՝ գնահատել մեր բարձր արժեքները: «Ցերեկույթը մի փորձ էր՝ ուսանողներին բարձր արժեքներին ծանոթացնելու, նրանց արժեքային համակարգը զարգացնելու, Չարենցի գործունեությունը մեկ անգամ ևս գնահատելու, արժևորելու»,-ընդգծեց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ այս միջոցառումներն անցկացվելու են «Ճանաչենք հայ մշակույթի մեծերին» կարգախոսով և կրելու են պարբերական բնույթ:
Իրավամբ, Չարենցը կյանքի բանաստեղծ է՝ հայրենասեր, մարդասեր…երկար կարելի է թվել:
Ցերեկույթի ընթացքում դահլիճը թնդում էր ծափահարություններից, մասնակիցները տպավորված էին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին