ՀՊՏՀ լսարանները կահավորվում են ինտերակտիվ գրատախտակներով և պրոյեկտորներով

Դիտումների քանակ՝ 2202

Կրթական գործընթացի օժանդակմանն ու տեխնոլոգիական ապահովմանն ուղղված աշխատանքները ՀՊՏՀ-ում շարունակվում են: Մեր համալսարանում վերջին օրերին ստեղծվել են ինտերակտիվ գրատախտակներով ևս 5 լսարաններ և դրանց թիվն այսօր 10-ն է: Իսկ պրոյեկտորներով լսարանների թիվը դարձել է 29-ը:

ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Սամվել Հովհաննիսյանը մեր խնդրանքով ներկայացրեց նոր լսարանների տեխնիկական հնարավորություններն ու սարքավորումների գործառույթները:

Ինտերակտիվ գրատախտակը նախատեսված է համակարգչի աշխատանքային սեղանի պատկերը պրոյեկտորի օգնությամբ էլեկտրոնային գրատախտակի մակերևույթին արտացոլելու համար, այսինքն՝ այն կիրառվում է համակարգչի և պրոյեկտորի հետ: Ուշագրավ է, որ էլեկտրոնային գրատախտակները կարողանում են միաժամանակ ճանաչել մատի կամ մարկերի մի քանի հպում: Ցանկացած էլեկտրոնային գրատախտակ ունի իր ծրագրային ապահովումը, որի օգնությամբ կարելի է կատարել տարբեր աշխատանքներ՝ սկսած պարզ նկարելուց, վերջացրած բազմաէջանոց դասերով և ներկայացումներով:

Մեր գործընկերոջ խոսքով՝ ըստ պրոյեկտորներ և լսարանային սարքավորումներ ներկրող «Ալֆա» կազմակերպության տվյալների՝ ՀՊՏՀ-ն ինտերակտիվ լսարանների թվով հանրապետության բուհերի առաջատարների շարքում է: Մեր համալսարանում իրականացվում են քայլեր՝ այս ցուցանիշներն առավել բարելավվելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին