Սալվատորե Մոչիայի վերջին դասախոսությունը՝ գլոբալացման մարտահրավերների շուրջ

Դիտումների քանակ՝ 1762

Աշխատանքային այցով մեր բուհում գտնվող շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսոր Սալվատորե Մոչիան այսօր վերջին դասախոսությունը ներկայացրեց ՀՊՏՀ ուսանողներին: Թեման՝ «Գլոբալացման ժամանակակից մարտահրավերները», համախմբել էր գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանին, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Դիանա Գալոյանին, ասպիրանտների, հետազոտողների և ուսանողների:

Պրոֆեսորը խոսեց գլոբալացում երևույթի էության մասին, անդրադարձավ դրա սոցիալ-տնտեսական նշանակությանը, վերհանեց գլոբալացման առավելություններն ու թերությունները, ապա ցույց տվեց, թե ինչ ազդեցություններ կարող են ունենալ նոր զարգացող երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի:

Հիշեցնենք, որ դասախոսները մեր բուհ են ժամանում ՀՊՏՀ-ի և ՈւՄԵՖ-ի համագործակցությամբ իրականացվող «Գործարար կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներին դասավանդելու համար և հիմնական առաքելությունից զատ՝ բաց դասախոսություններ են վարում ՀՊՏՀ ուսանողների համար: Նախաձեռնության հեղինակ Խորեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գալիք շաբաթ կրկին ՀՊՏՀ է գալու շվեյցարական բուհի պրոֆեսոր Էդվարդ Սանը, ով նոյեմբերի 17-ին, ժամը 11-ին նիստերի սրահում ներկայացնելու է իր հերթական դասախոսությունը: Միջոցառման նպատակը ուսանողների անգլերենի և մասնագիտական իմացությունը բարձրացնելն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին