Գիտական սեմինարում քննարկվեցին ֆինանսական ինստիտուտների առանձնահատկությունները

Դիտումների քանակ՝ 2881

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնն այսօր հանդես եկավ «ՀՀ ֆինանսական ինստիտուտների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը և ֆինանսական միջնորդությունը որպես տնտեսական աճի ապահովագրական պայման»  խորագրով գիտական սեմինարով: Տ.գ.թ. ասիստենտներ Գայանե Հարությունյանը և Հայկ Բեջանյանը գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Աննա Ասլանյանի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների և ասպիրանտների ուշադրությանը ներկայացրին իրենց հետազոտությունները՝ համապատասխանաբար «Ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության ապահովման հնարավորությունները ՀՀ-ում» և «Բանկային տոկոսադրույքի ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմաներով:

Ողջույնի խոսքում Գագիկ Վարդանյանը, համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համատեքստում, կարևորեց սեմինարների անցկացման, գիտական արդյունքների հրապարակայնացման անհրաժեշտությունը:

Աննա Ասլանյանը հիմնավորեց սեմինարի թեմայի արդիականությունը և խոսքը տրամադրեց երիտասարդ դասախոսներին:

Գայանե Հարությունյանի զեկուցումը հիմնված էր հայաստանյան ապահովագրական ընկերությունների առանձնահատկությունների վրա և հանգամանալից քննարկում էր այդ ընկերությունների ֆինանսական կայունության և ռիսկերի կառավարման հարցերը:

Զեկուցման ավարտից հետո, լսարանի ծավալուն հարցադրումը հետևյալն էր՝ արդյո՞ք ՀՀ-ում զարգանում են ապահովագրական ընկերությունները և ի՞նչ հեռանկար կա, որին ի պատասխան, տնտեսագիտության թեկնածուն փաստերով հիմնավորեց, որ մեզանում ֆինանսական այս հատվածը զարգանում է:

Հայկ Բեջանյանն իր ելույթում պարզաբանեց  բանկային տոկոսադրույքի և տնտեսական աճի փոխկապվածությունը: Նա անդրադարձավ միջազգային փորձին՝ քննարկելով նաև ԱՄՆ-ի և Ճապոնիայի առանձնահատուկ դեպքերը, երբ ցածր տոկոսադրույքերի պայմանում ակնկալվող տնտեսական աճ չի արձանագրվել: Կանգ առնելով Հայաստանի վրա՝ նա ներկայացրեց, թե տնտեսական աճի նպատակով տոկոսադրույքերի կարգավորման ինչ քաղաքականություն է անհրաժեշտ, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին