Նախապատրաստություն ՈւԳԸ համահամալսարանական փուլին

Դիտումների քանակ՝ 1003

Մեր համալսարանում ՈՒԳԸ 36-րդ նստաշրջանի ֆակուլտետային կամ առաջին փուլն անցկացվեց 2013 թվականի տարեվերջին՝ դեկտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին: Իսկ այժմ հաջորդ՝ համահամալսարանական փուլի նախապատրաստական աշխատանքների շրջանն է: Ընդունված կարգի համաձայն՝ ֆակուլտետային փուլի  հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու համահամալսարանական ՈՒԳԸ նստաշրջանին, որի ընթացքում նրանց կմիանան մասնակցության հայտ ներկայացրած մագիստրատուրայի ուսանողները:

Այսօր ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ մինչև համահամալսարանական փուլի մեկնարկը նախորդ փուլի հաղթողներին առաջիկայում պատվոգրեր ու շնորհակալագրեր կշնորհվեն ֆակուլտետային նիստերի ժամանակ:

«Երկրորդ փուլի մասնակիցներն ու մագիստրանտներն արդեն կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ ընդունման վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 14-ը: Այնուհետև 10-օրյա ժամկետում մասնագիտական ամբիոններում աշխատանքները կգրախոսվեն: Նստաշրջանին զեկուցումով հանդես կգան այն ուսանողները, որոնց աշխատանքների մասին կստացվի դրական կարծիք»,- ասաց Վլադիմիր Գևորգյանը՝ հավելելով, որ նախորդ փուլի հաղթողները պետք է ներկայացնեն նոր աշխատանքներ կամ նախորդ աշխատանքները՝ զարգացրած:

ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության նախագահից նաև տեղեկացանք, որ համահամալսարանական փուլն անցկացվելու է արտագնա, սակայն անցկացման վայրի և ժամկետների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

ՈՒԳԸ 36-րդ նստաշրջանի համահամալսարանական փուլին մասնակցել ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին