Վարպետության դաս՝ ՀՊՏՀ-ում
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր «Ayvazyan & Partners» ընկերության բիզնես փորձագետ Վահե Այվազյանը՝ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի հրավերով: Փորձագետն անցկացրեց վարպետության դաս, որի թեման էր՝ «Գրագետ վաճառքի տեխնիկայի կիրառումը ՀՀ-ում»:
Ինչպես սկզբում տեղեկացրեց Վահե Այվազյանը, իր նպատակն է ուսանողներին փոխանցել տեսական և գործնական մասնագիտական գիտելիքներ, կիսվել իր փորձով՝ օգնելով հետագայում աշխատանքում ճիշտ կողմնորոշվել:
Նշենք, որ դասընթացն անցկացվեց ուսանողների համար հետաքրքիր եղանակով. խաղի, պատկերավոր օրինակների վրա ուսանողները իրազեկվեցին վաճառքի տեխնիկայի մի շարք գաղտնիքների և հնարքների մասին: Ուսանողները փորձագետին հղեցին թեմայի հետ կապված հարցեր, նաև ակտիվորեն պատասխանեցին նրա հարցերին:
Նմանօրինակ դասընթացները հետաքրքրում են մեր ուսանողներին: Նրանք փաստեցին, որ վարպետության դասերը, սեմինարները հարստացնում են իրենց գիտելիքները:
«Թեմատիկ սեմինար-դասընթացների անցկացումն ինձ տալիս է պրակտիկ գիտելիքներ և հենք է ծառայում տեսական գիտելիքների ամրապնդման համար: Շատ եմ կարևորում նման հանդիպումները և հարմար առիթի դեպքում մասնակցում եմ»,-ասաց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Հարությունյանը:
Նույն ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ղուկասյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց. «Այս դասերը մեզ հնարավորություն են տալիս ձեռք բերել գործնական գիտելիքներ, քանի որ ներկայանում են մասնագետներ, ովքեր կիսում են իրենց փորձը: Շփման արդյունքում նրանք մեզ փոխանցում անհրաժեշտ էներգիա և մոտիվացիա»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին