Ամփոփվել է «Հայկյան 2013» մրցանակաբաշխությունը. ՀՊՏՀ-ն՝ հերթական անգամ մրցանակակիր
Փետրվարի 21-ին Երևանի պետական Կամերային թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից, որտեղ նաև նշվում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել և ողջունել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը, որովհետև այն, ըստ Նախագահի, ուղղում է երիտասարդների էներգիան, նրանց հոգում եղած հուրը դեպի դրականը և մասնակից դարձնում մեր երկրի բարեփոխումներին: Նշելով, որ ցանկացած մրցանակաբաշխություն, մրցույթ, ընտրություն երիտասարդների համար լավ հնարավորություն է դրսևորելու իրենց առավելությունները հասակակիցների նկատմամբ՝ լինել առաջինը, լավագույնն այս կամ այն ոլորտում, Հանրապետության Նախագահը հետագա նորանոր հաջողություններ ու մրցանակներ է մաղթել երիտասարդներին»:
Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի արժանացել են նաև «ԱրմԹաբ» հայկական պլանշետի:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի համաձայն ստորև ներկայացնում ենք հատուկ և անվանակարգային մրցանակակիրներին.
1.«Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգ- Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ՝ ««Հայացք» կարճամետրաժ ֆիլմերի փառատոն» ծրագրի համար
2.«Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգ- Երիտասարդ առաջնորդների դպրոցին՝ «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի համար
3.«Լավագույն գիտական նվաճում» անվանակարգ- Վահրամ Ղազարյանին
4.«Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգ- Դավիթ Դավթյանին՝ «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի «Պատերազմի և խաղաղության սահմանին» հաղորդաշարի համար
5.«Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգ- «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ին՝ «Ճանաչիր ազգիդ հերոսներին» ծրագրի համար
6.«Լավագույն ուսանողական ծրագիր» անվանակարգ- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդին՝ «Ոսկե հասկ» ամենամյա մրցանակաբաշխության համար
7.«Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգ- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդին
8.«Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգ-ՀՊՏՀ ուսանողական խորհրդին
9.«Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում» անվանակարգ- «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՀԿ-ին
10.«Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում» անվանակարգ- «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ին
Հատուկմրցանակներ
1.Արփինե Կալինինային՝ Կոմիտասյան համերգաշարի համար
2.«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգ- Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների AIESEC ասոցիացիա (AIESEC Հայաստան) Առաջնորդության զարգացման միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար
3.«Երիտասարդության հետ լավագույնս համագործակցած միջազգային կառույց» անվանակարգ- Netherlands Institute for Multiparty Democracy-ին (NIMD)
4.Կոթի գյուղի դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին՝ սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար
5.«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ Երիտասարդների և պատանիների շրջանում իրականացվող լայնածավալ աշխատանքի համար
6.«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում իրականացված պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեմ ուղղված «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագրի համար
Արդեն 3-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը մրցանակակիր է դառնում «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում:
Այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի նիստում հաղթանակի կապակցությամբ ուսխորհրդին շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ մաղթելով հետագա հաջողություններ:
Լուսանկարները ՀՀ Նախագահի, ՀԵՀ-ի պաշտոնական կայքերից են:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին