Գործատուները հետաքրքրված են ՀՊՏՀ պատրաստած կադրերով
Ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր հատվածի գործատուները հետաքրքրված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատրաստած կադրերով: Նրանք շատ հաճախ այս հասցեով են փնտրում իրենց աշխատակիցներին: Այսօր սրանում համոզվելու հերթական առիթն ունեցանք:
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում՝ ուսանողների և հերթական գործատուի՝ «G Soft» ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Դիանա Մնացականյանը ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը, ապա աշխատանքային պայմանները: Նորաստեղծ ընկերությունում տնտեսագետների, մասնավորապես վաճառքի, սպասարկման մասնագետների, ծրագրավորողների պահանջարկ կա, իսկ ղեկավարությունն էլ աշխատանքային փորձից առավել կարևորում է երիտասարդ կադրեր ունենալու հանգամանքը, քանի որ համոզված է՝ երիտասարդները լի են եռանդով, ունեն թարմ գաղափարներ, ստեղծագործ են:
ՀՊՏՀ լրատվության և հասարկայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց թիմը լավ կադրերով համալրելու նպատակով առաջինն այցելել են տնտեսագիտական մայր բուհ: «Վստահությունը ՀՊՏՀ ուսանողների նկատմամբ մեծ է, քանի որ մեր աշխատակիցների մեծ մասը հենց այս բուհի շրջանավարտներ կամ ուսանողներ են, ովքեր առանձնանում են իրենց վերլուծական մտածողությամբ, ուժեղ տրամաբանությամբ: Համոզված ենք, որ բուհի տված գիտելիքները օգտակար կլինեն»,-նշեց վաճառքի բաժնի ղեկավարը:
Ի դեպ, ընկերության սպասարկման բաժնի աշխատակից Սևակ Գևորգյանը, ով այսօր հյուրընկալվել էր մեր բուհում, ՀՊՏՀ ուսանող է:
Նշենք, որ այսօրվա հանդիպումից հետո ուսանողներն իրենց տվյալները տրամադրեցին ընկերության ներկայացուցիչներին, որոնք արդեն ընտրված ուսանողներին կհրավիրեն հարցազրույցի:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հաղորդեցին ընկերության ներկայացուցիչները, ցանկացողները կարող են իրենց կենսագրականներն ուղարկել info@ggroup.am էլ. հասցեին, որոնք դիտարկելուց հետո լավագույնները կկանչվեն հարցազրույցի:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ սա առաջին հերթին մեր ուսանողներին հնարավորություն է տալիս փորձառություն ձեռք բերել: «Շատ դեպքերում նորավարտները խնդիր են ունենում՝ աշխատանքային փորձ չունենալու հետ կապված: Կարծում ենք, նմանատպ հանդիպումները հնարավորություն են ստեղծում մեր ուսանողների համար լուծելու այդ խնդիրը: Բացի դրանից՝ պետք է ուսանողը գիտակցի, որ գրագետ կադրը միշտ էլ պահանջարկ է ունենում. նմանատիպ հանդիպումների ժամանակ այդ գիտակցությունը ձևավորվում է: Գործատուների հետ համագործակցությունը պետք է սերտ լինի, ցանկալի է, որ ոչ թե ուսանողը գնա գործատուի մոտ, այլ գործատուն՝ ուսանողի»,-մեզ հետ զրույցում ասաց ֆակուլտետի դեկանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին