Զարգացնենք մեր լեզուն, խոսենք գրագետ, գրենք հայատառ. այսօր աշխարհի բոլոր լեզուների տոնն է

Դիտումների քանակ՝ 2004

«Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին` հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով` մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության: Այս պատճառով էլ` նա ուսումնասիրվում է ոչ միայն մեր Պետական համալսարանում, այլև աշխարհի շատ համալսարաններում: Բայց այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունը, նրա պահպանությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա: Օտար համալսարաններն ու ակադեմիաներն ի վիճակի չեն անելու այն, ինչ պարտավոր է անել հայկական համալսարանն ու հայկական ակադեմիան` նաև այդ համալսարանների ու ակադեմիաների բարոյական պարտադրանքով: Եվ պարտավոր է անել Հայաստան աշխարհը` համայն աշխարհի հոգեկան պարտադրանքով:

Այսպես պիտի նայենք մեր լեզվին` ոչ միայն այն պատճառով, որ նա մեր մայրենին է, այլ նաև այն բանի համար, որ նա իր չորս գրական լեզուների և վեց տասնյակ բարբառների անչափելի հարստության դրամագլուխը մեզ պահելով` շահույթը պարտավոր էմ արդկությանը փոխանցել…»:

Պարույր  ՍԵՎԱԿ

 Սիրենք, սնենք, փայփայենք ու զարգացնենք մեր հայերենը… Այսինքն` պահանջկոտ լինենք ինքներս մեր հանդեպ` ամենօրյա հաղորդակցության մեջ, բանավոր ու գրավոր խոսքում: Տուրք չտանք ու մեր սրբության խորանի դռները լայնորեն չբացենք օտարաբանությունների առջև` թե՛ բառային ներթափանցումների և թե՛ օտար լեզվամտածողության դրսևորումների, աղավաղումներով, գռեհկաբանությամբ, ոչ հայեցի արտասանությամբ չմեղանչենք նրա վեհության առջև:

Մեր միակ պետական լեզուն, մեր բազմադարյա հայերենն ունի բոլորիս հոգածության կարիքը: Հիշենք այդ մասին ոչ թե տոնից տոն, այլ ամեն օր ու ամեն ժամ: Այլապես լեզվի համար պայքարը կարող է դառնալ օրհասական:

Մայրենի լեզվի միջազգային օրը` փետրվարի 21-ը, ամրագրել է և սերունդներին որպես վառ վկայություն է թողել այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952 թվականին Դաքայում (Բանգլադեշի մայրաքաղաք) ոստիկանների կրակոցներից սպանվել են մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու` ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու կառավարության որոշման դեմ:Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը:

Միջազգային այս տոնն արդեն մի քանի տարի է, պետականորեն նշում ենք նաև մենք` հայերս. 2005 թվականին մեր երկրում փետրվարի 21-ը պաշտոնապես հռչակվել է Մայրենի լեզվի օր:

Հիշեցնենք նաև, որ արդեն երկրորդ տարին է, փետրվարի 7-ը ոչ պաշտոնապես հայտարարվում է hամացանցում հայատառ գրելու օր. գրենք հայատառ, քանի որ գոյություն չունի լատինատառ հայերեն, և ոչ մի նշանագրություն չի կարող հայերեն միտքն արտահայտել այնպիսի ճշգրտությամբ ու ազդեցության ուժով, ինչպես մաշտոցյան այբուբենը:

Այսօր Հայաստանում Մայրենի լեզվի օրը նշվում է մի շարք միջոցառումներով. Օշականում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դիմաց, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

ՀՊՏՀ Լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին