ՀՊՏՀ-ում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը (լուսանկարներ )
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Ե. Չարենց
ՀՊՏՀ-ում այսօր մթնոլորտը թումանյանական էր: Այսօր՝ փետրվարի 19-ին մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ 145-ամյակը: ՀՊՏՀ գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ ու հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Մարի Զաքարյանի աջակցությամբ համալսարանի գրադարանի գիտական ընթերցասրահում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին և Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային ցերեկույթ:
Նշենք, որ Հայաստանի գրողների միությունը մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 6 տարի է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակել է գիրք նվիրելու օր:
Միջոցառմանը մասնակցում էին թումանյանասեր ՀՊՏՀ-ականները՝ դասախոսներ, ուսանողներ, աշխատակիցներ: Մեր բուհի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ազդարարելով ցերեկույթի մեկնարկը, նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձի և Գիրք նվիրելու օրվա գեղեցիկ խորհուրդը ուսանողների համար կարևորելն է:
«Ուսանողների շրջանում կարևոր է այն գիտակցումը, որ գիրքը մնայուն, հարատև արժեք է»,-ընդգծեց տնօրենը՝ նշելով, որ ողջունելի է հատկապես 1-ին կուրսեցիների մասնակցությունն ու խանդավառությունը:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքը, գործունեությունը, արվեստի ու գրականության մեջ ունեցած մեծ ներդրումն ամփոփ ներկայացրեց պրոֆեսոր Մարի Զաքարյանը՝ ինքնատիպ ու գիտնականի դիտակետից արված վերլուծությամբ:
Իրենց ելույթներով մասնակիցներին գեղեցիկ պահեր պարգևեցին ուսանողները՝ ասմունքով ու երգով ներկայացնելով Թումանյանի ստեղծագործությունները: Ներկաներին հաճելիորեն զարմացրեց ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը՝ սրտաբուխ ասմունքելով հատված «Թմկաբերդի առումը» պոեմից:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մարի Զաքարյանը նշեց, որ օրվա խորհուրդը շատ գեղեցիկ է: «Կարևոր է, որ ուսանողը քաջատեղյակ լինի Հովհաննես Թումանյանի կյանքին, գործունեությանը, ստեղծագործությանը, իսկ գիրք նվիրելը հիանալի առիթ է՝ հոգևորի, արարման գնահատման առումով. առիթ, որպեսզի ուսանողները գնահատեն և արժևորեն հոգևորը»,-ամփոփեց պրոֆեսորը:
Միջոցառման ավարտին գրադարանի տնօրենը Մարի Զաքարյանին նվիրեց իր կազմած կենսամատենագիտությունը՝ նվիրված Հովհաննես Թումանյանին: Տնօրենը գրքեր նվիրեց նաև ուսանողներին:
Ուսանողները նշեցին, որ շատ են կարևորում գրքի, գրականության դերը կյանքում:
«Հաճելի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, հատկապես՝ օգտակար գիրք: Կարծում եմ՝ գիրք կարելի է նվիրել ամեն օր և կարևորը՝ սրտանց»,-մեզ հետ զրույցում ասաց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Աշխեն Չիլինգարյանը:
Նշենք, որ միջոցառումը գեղեցիկ և մտերմիկ միջավայր էր ստեղծել՝ մասնակիցներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր: Մենք ևս մեկ անգամ առիթ ունեցանք արժևորելու ամենայն հայոց բանաստեղծի՝ գրականության մեջ ունեցած ավանդը, ինչպես նաև կարևորելու գիրք նվիրելու գեղեցիկ մշակույթը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին