«Ամբերդում» կայացավ ՀՊՏՀ առաջին մագիստրոսական խմբի հետազոտական աշխատանքի շնորհանդեսը. «ուղեղային կենտրոնները»՝ ուսումնասիրության առարկա (լուսանկարների ալբոմ)

Դիտումների քանակ՝ 1575

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր  տեղի ունեցավ  մեր համալսարանի երիտասարդ հետազոտողների (մագիստրոսական խմբի)  կատարած հետազոտության շնորհանդեսը՝ «Արտասահմանյան առաջատար համալսարանական «ուղեղային կենտրոնների» գործունեության ուսումնասիրությունն ու լավագույն փորձի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով:

Շնորհանդեսին մասնակցում էին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը,  կենտրոնի աշխատակազմը:

Բացման խոսքով հանդես եկավ Սամվել Ավետիսյանը՝ նշելով, որ սա մեր համալսարանի 1-ին մագիստրոսական  հետազոտական խմբի կատարած աշխատանքների ամփոփ ներկայացումն է, խմբում ներգրավված է 6 մագիստրանտ, ովքեր աշխատել են  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի» տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանի ղեկավարությամբ:

Հետազոտությունը լուսապատկերի միջոցով ներկայացրեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ստելլա Հովսեփյանն, ով  ներկայացրեց իրենց խմբի կատարած հետազոտությունը՝  միջազգային ուղեղային կենտրոններին (ՈՒԿ) բնորոշ հիմնական հատկանիշների, դրանց գործունեության, առաքելության, նպատակների, հետազոտությունների թեմատիկ ուղղվածությունների, կանխատեսումների մեթոդաբանության, ֆինանսավորման, հրապարակումների, աշխատակազմերի կառուցվածքների  և այլ հարցերի մասին: Վերջում անդրադարձ եղավ նաև հայաստանյան համալսարանական հետազոտական կենտրոններին: Հետազոտության արդյունքում ուսանողները ներկայացրեցին առաջարկություններ՝ արտասահմանյան առաջավոր փորձը Հայաստանի համալսարանական ՈւԿ-ներում, այդ թվում՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հեռազոտական կենտրոնում ներդնելու  համար:

Շնորհանդեսի ավարտին ծավալվեց քննարկում, հնչեցին մի շարք հարցադրումներ՝ ինչպես ռեկտորի և պրոռեկտորի, այնպես էլ հետազոտական կենտրոնի տնօրենի կողմից: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը մի քանի հարցեր ուղղեց ուսանողներին՝ հետաքրքրվելով մի շարք խնդիրների մասին, իսկ վերջում ճշգրտեց, թե ՀՊՏՀ նորաստեղծ կենտրոնում ուսանողների կողմից կատարված առաջին հետազոտությունն ինչ տվեց մագիստրանտներին, ինչին ի պատասխան ուսանողներն արձագանքեցին, թե նախ՝ սա լավ փորձ էր իրենց համար, հետո նաև՝ կողմնորոշիչ. ուսանողներից ոմանք մտադիր են շարունակել իրենց հետագա ճանապարհը գիտահետազոտական ոլորտում:  «Առանց հետազոտական աշխատանքների, առանց այս ուղղության զարգացման համալսարանները չեն կարող զարգանալ, սա է ճիշտ ճանապարհը»,- իր խոսքն ամփոփեց բուհի ղեկավարն ու հույս հայտնեց, որ մագիստրանտների աշխատանքի այս փորձը վարակիչ կլինի, և հետզհետե ավելի մեծ թվով ուսանողներ կընդգրկվեն կենտրոնի հետազոտական աշխատանքներում: Միջոցառման վերջում ռեկտորը ուսանողներին հանձնեց մասնակցության վկայականներ:

Հետազոտական խմբի ղեկավարին՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի» տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանին խնդրեցինք գնահատել կատարված աշխատանքը՝ ուսանողներին հետազոտական աշխատանքներում ներգրավելու մշակույթի ստեղծման համատեքստում: Ի պատասխան՝ խմբի ղեկավարը նշեց. ««Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական ծրագրերում մագիստրանտների ներգրավումը բխում է մեր Կենտրոնի ռազմավարությունից: Հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ այս ուղղությամբ առաջին արդյունավետ քայլերն արդեն իրականացվել են և աստիճանաբար ստանում են ինստիտուցիոնալ բնույթ: Մենք մտադիր ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ աստիճանաբար մեծացնելով հետազոտական գործունեության մեջ ընդգրկված ուսանողների շրջանակը»:

Վերջում Վարդան Աթոյանը մագիստրանտներին նվիրեց նաև իր հեղինակած գրքերից մեկը:

Հիշեցնենք, որ նույն խմբին  անդրադարձել էինք  նաև մեր նախորդ հրապարակումներում, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://www.asue.am/am/էջեր-220//միջազգային-ուկ-ների-գործունեության-առանցքները-ամբերդի-երիտասարդ-հետազոտողների-դիտակետում-1281, http://www.asue.am/am/էջեր-220//ուսանողների-մասնակցությամբ-հետազոտական-ծրագրի-մեկնարկ-ամբերդ-կենտրոնի-կողմից-1208:

Հ.Գ. Լուսանկարներն այստեղ՝  http://www.asue.am/am/էջեր-220//արտասահմանյան-առաջատար-համալսարանական-ուղեղային-կենտրոնների-գործունեության-ուսումնասիրությունն-ու-լավագույն-փորձի-ներդրման-հնարավորությունները-հհ-ում-թեմայով-հետազոտության-շնորհանդես-1368

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին