ՀՊՏՀ ուսանողը՝ 1-ին միջազգային կարգի փորձագետ-ուսանողը Հայաստանից
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) Կրթական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արուս Հարությունյանը դարձել է բարձրագույն կրթության որակի ապահովման առաջին միջազգային փորձագետ-ուսանողը Հայաստանից: Փետրվարի 12-ին նա ընտրվել է Եվրոպական ուսանողական միության (այսուհետ՝ ԵՈւՄ)՝ որակի ապահովման գծով ուսանողական փորձագիտական խմբի անդամ. այս մասին տեղեկացնում է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան:
Արուս Հարությունյանը մեր բուհի կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արուս Հարությունյանը նշեց, որ Եվրոպական ուսանողական միության հետ համագործակցությունը նոր երևույթ է մեզանում, ուստի մեծ է պատասխանատվության զգացումը:
«Եվրոպական ուսանողական միության հետ համագործակցությունը կարևոր է այն առումով, որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել եվրոպական առաջատար համալսարանների փորձը և այն կիրառել մեր երկրում՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը: Մենք՝ որպես փորձագետ-ուսանողներ, կարող ենք մասնակցել եվրոպական բուհերի հավատարմագրմանը: ԵՈւՄ-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեզ կատարել խորը ուսումնասիրություններ, վերհանել ուսանողությանը մտահոգող խնդիրները (կրթական որակի հետ կապված): 1-ին հերթին, ուսանողը պետք է լինի ոչ միայն կրթության «սպառող», այլև պահանջատեր, այսինքն՝ պահանջկոտ լինի իրեն տրվող գիտելիքների հարցում: Յուրաքանչյուր ուսանող պետք է գիտակցի, որ իր ձայնն ազդեցիկ է և կարևոր դեր ունի»,-ասաց Արուսը:
Մեր ուսանողուհին հավաստիացրեց, որ իրեն վստահված գործը կփորձի կատարել լավագույնս և իրականացվելիք բոլոր ծրագրերը Հայաստանում կունենան իրենց դրական ազդեցությունը:
Իր հաջողության մեջ ուսանող-փորձագետը շեշտեց հարազատ բուհի՝ Տնտեսագիտական համալսարանի դերն այն առումով, որ այստեղ ուսանելու տարիներին է ներգրավվել ակտիվ հասարակական կյանքի մեջ, ինչպես նաև ստացել խորը գիտելիքներ:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին