Գիտնական մանկավարժների վերապատրաստումը՝ բուհում կրթության որակի բարելավման ճանապարհ

Դիտումների քանակ՝ 1159

2013 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2014 թվականի փետրվար ամիսներին մեր հանրապետության 30 իրավաբաններ մասնակցել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրին ու ստացել մասնակցության վկայական: Մասնակիցներից մեկը ՀՊՏՀ իրավագիտության ամբիոնի դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանն է:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս մասին զրուցեց դոցենտ Գրիգորյանի հետ  և մասնավորապես տեղեկացավ, որ նա նշված ժամանակահատվածում մասնակցել է «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի ներպետական կիրառման նպատակով» վերապատրաստման ծրագրին (TOT) և թեստավորման արդյունքում ստացել է սույն վկայականը: 72 ժամ տևողությամբ դասընթացը վարել են ազգային և միջազգային փորձագետ-իրավաբաններ:

Տիկին Գրիգորյանը մեզ հետ զրույցում կարևորեց միջազգային տարբեր կառույցների կողմից նմանօրինակ ծրագրերին մասնակցելը և վերապատրաստվելը: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր դասախոս պետք է նոր գիտելիքների, նոր հմտությունների ձեռք բերման, այսինքն՝ շարունակական կրթության ճանապարհով նպաստի բուհում կրթության որակի բարելավմանը:

«Վերապատրաստման դասընթացների եմ մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Բերկլիի և Հասթինգսի համալսարաններում, Սանկտ Պետերբուրգի, Ալմա Աթայի, Մոսկվայի պետական համալսարաններում, և իմ դիտարկումները հիմք են տալիս ասելու, որ տնտեսագետների համար իրավագիտությունն ունի կարևոր նշանակություն՝ հաշվի առնելով  աշխատաշուկայի պահանջարկը: Միջազգային տնտեսական հարաբերություններում, առևտրային, բանկային կազմակերպությունների հետ գործակցության մեջ վեճեր առաջանալու դեպքում միջազգային դատարան դիմելու ընթացակարգերի իմացությունն անչափ կարևոր է»,-ասաց Գեղեցիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ տնտեսագիտության զարգացումն ինքը տեսնում է իրավագիտությանը զուգընթաց՝ Բոլոնիայի հռչակագրի լույսի ներքո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին