Մեր համալսարանի 12 ուսանող արժանացել է «Beeline Scholarship»-ի կրթաթոշակի

Դիտումների քանակ՝ 1146

ՀՀ ԿԳ նախարարության, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տարածած հաղորդագրությունների համաձայն՝ «Beeline Scholarship» ծրագրով կրթաթոշակի է արժանացել 95 ուսանող, այդ թվում 12 ՀՊՏՀ-ականներ:  Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ծրագրի արդյունքների ամփոփման  և կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և Բրիտանական խորհրդի կազմակերպած  «Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող: Ծրագիրը կազմված էր երկու փուլից. առաջինում ուսանողները ներկայացրել էին իրենց ծրագիր-առաջարկները, իսկ երկրորդում` հարցազրույցի ընթացքում, ԿԳ նախարարության ներկայացուցիչների ու անկախ փորձագետներից կազմված ժյուրին 178 ուսանողից ընտրել էր 95 հաղթողներին: «ԱրմենՏել» ընկերությունը կտրամադրի ուսանողների մեկ կիսամյակի վարձի չափով կրթաթոշակ:

Կրթաթոշակից բացի, հաղթող ուսանողների շրջանում կայացել է վիճակահանություն` կրթաթոշակին արժանացած ուսանողների միջև: Արդյունքում ուսանողուհի Աննա Թովմասյանը հնարավորություն է ստացել մեկնել Միացյալ Թագավորություն` ամառային դասընթացների:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջադրած չափանիշներն էին ստեղծարար մտածողություն, գաղափարի արդիականություն, նորարարություն, ներկայացման և հաղորդակցական հմտություններ:

Լուսանկարը տրամադրել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին